Ճիշտ սնունդը ոսկորներն ավելի է ամրացնում, քան մարզումները

18:00   22 հոկտեմբերի, 2018

Ճիշտ սնունդը ոսկորներն ավելի է ամրացնում, քան մարզումները: Այսպիսի եզրակացության են հանգել Միչիգանի համալսարանի (University of Michigan) գիտնականները՝ հետազոտելով մկների վրա հանքանյութային հավելումների եւ ֆիզիկական ակտիվության ազդեցությունը:

Գիտնականները կրծողներին հետազոտել են 8 շաբաթ տեւողությամբ ֆիզիկական ակտիվությունից հետո, որի ընթացքում մկների մի խմբին կերակրել են սովորական սնունդով, իսկ մյուսին՝ հանքանյութերով հարուստ մթերքներով: Ֆիզիկական ակտիվության դադարեցումից ութ շաբաթ հետո մկներին կրկին հետազոտել են:

Պարզվել է, որ ֆիզիկական վարժությունների դադարեցումից հետո երկրորդ խմբի մկներին, միեւնույն է, հաջողվել է հանքանյութերով հարուստ սննդակարգի շնորհիվ պահպանել ոսկորների աճը: Հետազոտության արդյունքները հրապարակվել են PLOS ONE ամսագրում:

Հետազոտողների կարծիքով՝ հանքանյութերով հարուստ սննդակարգը նույնիսկ առանց մարզումների ոսկորների վիճակի վրա բարերար ազդեցություն է ունենում: Այսպիսով, նման սննդակարգը օգտակար է ոսկրային հյուսվածքի տարիքային կորուստը եւ մկանների թուլացումը կանխելու համար:

Հավելենք, որ փորձի շրջանակում գիտնականները սնունդում մեծացրել են կալցիումի եւ ֆոսֆորի քանակությունը: Չնայած ստացած արդյունքները չարժի մկներից ուղղակիորեն մարդկանց վրա տարածել, սակայն գիտնականների կարծիքով՝ դրանք կարող են դառնալ նոր հետազոտությունների որոշակի հիմք:



© NEWS.am Medicine