Մկանային զանգվածը մարդու առողջության կարեւոր ինդիկատոր է

23:45   22 հոկտեմբերի, 2018

Մկանային զանգվածը մարդու առողջության կարեւոր ինդիկատոր է: Այս մասին վկայում են խոշոր հետազոտության արդյունքները, որոնք հրապարակվել են Annals of Medicine ամսագրում:

Գիտնականները պարզել են, որ մկանային «ավելի փոքր» զանգվածով մարդկանց մոտ ավելի հաճախ են զարգանում վիրաբուժական եւ հետվիրահատական բարդություններ: Դրանից բացի, նրանք հիվանդանոցում ավելի երկարատեւ են ստոցիոնար բուժում  անցնում:

Գիտնականները վերլուծել են այլ հետազոտությունների արդյունքները, որոնք անցկացվել էին 2016 թվականի հունվարից 2017 թվականի հունվար: Դրանց թվում ավելի քան 140 հետազոտություններ անցկացվել էին ստացիոնար եւ ամբուլատոր հաստատություններում:

Այսպես՝ Ամերիկյան բժշկական ասոցիացիայի ամսագրում (JAMA) հրապարակված հետազոտությունը ցույց է տալիս, որ մեծ մկանային զանգվածով կանայք կրծքագեղձի քաղցկեղի դեպքում ապրելիության 60 տոկոսով ավելի մեծ հավանականություն ունեն:

Դրանից բացի, մկանային մեծ զանգվածով հիվանդները ինտենսիվ թերապիայի բաժանմունքում ավելի քիչ ժամանակ են անցկացնում թոքերի արհեստական օդափոխության սարքին միացված: Նրանց մոտ դիտվում է նաեւ վերակենդանացման բաժանմունքում վերապրելիության ավելի բարձր տոկոս:

Մկանային զանգվածը կարեւոր դերակատարում ունի նաեւ թոքերի օբստրուկտիվ քրոնիկական հիվանդության ժամանակ՝ ազդելով դրական ելքի վրա եւ նվազեցնելով օստեոպենիայի կամ օստեպարոզի զարգացման հավանականությունը: Ընդ որում՝ մկանային փոքր զանգվածով անձինք սովորաբար տառապում են Ալցհեյմերի հիվանդության ավելի ծանր ձեւերով:

Գիտնականները հավաստիացնում են, որ երբեք ուշ չէ մկանային զանգվածը վերականգնել լավ սնունդի եւ ֆիզիկական վարժությունների միջոցով:



© NEWS.am Medicine