Ծխելը կրկնակի մեծացնում է Ալցհեյմերի հիվանդության զարգացման հավանականությունը

18:24   26 հոկտեմբերի, 2018

Հոկտեմբերի 26-ին Հերացու անվան Երեւանի պետական բժշկական համալսարանում մեկնարկեց Ալցհեյմերի հիվանդությանը նվիրված գիտաժողով:

Գիտաժողովի շրջանակում ելույթ ունեցած ԵՊԲՀ պրոֆեսոր, կենսաքիմիայի ամբիոնի վարիչ, Ալցհեյմերի հիվանդության հայկական ասոցիացիայի ղեկավար Միխայիլ Աղաջանովը նշեց, որ ծխելը 2 անգամ մեծացնում է այս նեյրոդեգեներատիվ հիվանդության զարգացման հավանականությունը: Դրանից բացի, դեմենցիայով ծխող հիվանդների շրջանում մահացությունը ավելի բարձր է:

Վտանգի գործոնների թվում նշվեցին նաեւ գենետիկ նախահակվածությունը, ալկոհոլի չարաշահումը, գիտակցության կորստով գլխի վնասվածքը (հատկապես մանկական տարիքում), դիաբետը եւ ճարպակալումը:

Պրոֆեսորը նշեց ալկոհոլի չափավոր քանակությամբ գործածման կարեւորությունը: Օրինակ՝ օրական մեկ բաժակ կարմիր գինին առողջության վրա կունենա ոչ թե բացասական, այլ հակառակը՝ դրական ազդեցություն:

Աղաջանովն ուշադրություն դարձրեց այն փաստին, որ դեպրեսիան մեծացնում է դեմենցիայի զարգացման հավանականությունը: Սրա հետ կապված՝ այս հոգեկան խանգարմամբ տառապող անձանց խորհուրդ է տրվում իրենց կյանքն ավելի հետաքրքիր եւ հագեցած դարձնել, ինչը կօգնի տրամադրությունը դրական ուղղությամբ փոխել: Մենակությունը եւս բացասական գործոն է, հատկապես 65 տարեկանից մեծ անձանց դեպքում:

Դեմենցիայի զարգացման վրա ազդեցություն են ունենում նաեւ մտավոր ծանրաբեռնվածությունները: Օրինակ՝ քիչ զարգացած պետություններում Ալցհեյմերի հիվանդության առաջացման վտանգն ավելի մեծ է, քան բարձրզարգացած երկրներում: Վերջին տարիներին բարձրացվում է նաեւ աղեստամոքսային տրակտի միկրոբիոմի եւ դեմենցիայով հիվանդների կոգնիտիվ ֆունկցիաների փոխկապվածության գոյության հարցը: Պրոֆեսորի խոսքով՝ սա նոր հեռանկարներ է բացում Ալցհեյմերի հիվանդության կանխարգելման եւ բուժման համար:

Աղաջանովը նշեց, որ այս հիվանդությունը կարող է հարուցել նաեւ տարեց կանանց մոտ էստրոգենի ցածր մակարդակը, ինչը կարող է բացատրել այն փաստը, որ թույլ սեռի ներկայացուցիչների մոտ Ալցհեյմերը ավելի հաճախ է հանդիպում, քան տղամարդկանց մոտ:

Չնայած դեմենցիան չի բուժվում, հիվանդության վաղ ախտորոշումը առանցքային դերակատարում ունի, քանի որ թույլ է տալիս ոչ միայն հիվանդին անհրաժեշտ օգնություն ցույց տալ, այլեւ օգնում է ընտանիքի անդամներին ժամանակին նախապատրաստվել այս ախտորոշման հետեւանքներին:

«Alzheimers Care Armenia»-ի ղեկավար Ջեյն Մաղաքյանն իր հերթին հայտնեց Երեւանում դեմենցիայով հիվանդների օգնության կենտրոնի ստեղծմանն աջակցելու պատրաստակամության մասին: Սպասվում է, որ կենտրոնը նախնական փուլում իր դռները կբացի դեմենցիայով 30-35 հիվանդի համար, որոնք այսօր գտնվում են ծերանոցներում: Նախագիծն այս պահին քննարկման փուլում է, եւ լրացուցիչ հարցերը  կբարձրացվեն 2019 թվականի մարտին Մաղաքյանի Հայաստան հաջորդ այցի ժամանակ:



© NEWS.am Medicine