Քնելուց առաջ կաթնաշոռ ուտելը կարող է օգնել առողջ քաշի պահպանմանը

22:18   30 հոկտեմբերի, 2018

Քնից առաջ կաթնաշոռ եւ պանիր ուտելը այնքան էլ սարսափելի գաղափար չէ: British Journal of Nutrition-ում հրապարակված նոր հետազոտության համաձայն՝ քնից առաջ կաթնաշոռի գործածումը ոչ միայն չի գիրացնի, այլ հակառակը՝ կօգնի նիհարել:

Նոր տվյալների համաձայն՝ երեկոյան սպիտակուցներով հարուստ ցածրկալորիական սնունդի գործածումն արագացնում է նյութափոխանակությունը, բարելավում մկանների եւ ընդհանուր առողջության վիճակը:  

Գիտնականների խոսքով՝ քնելուց կես ժամ առաջ երկու ճաշի գդալ կաթնաշոռ ուտելը կարող է ամրացնել առողջությունը եւ ածխաջրային թեթեւ ընթրիքի լավ փոխարինիչ է: Կաթնաշոռը հարուստ է կազեին սպիտակուցով, որը դանդաղ է մարսվում եւ կարող է օրգանիզմին անհրաժեշտ ամինաթթուներ տալ, այս դեպքում՝ գիշերվա ընթացքում:

Նոր հետազոտության շրջանակում գիտնականները հետեւել են 20-ն անց 10 կանանց: Մասնակիցները քնից 30-60 րոպե առաջ կերել են 30 գրամ կաթնաշոռ: Գիտնականները չափել են քնի ժամանակ օգտագործված էներգիայի քանակությունը, հետազոտել մկանների վերականգնումը: Պարզվել է, որ կաթնաշոռ եւ կազեինային կոկտեյլ ստացած մասնակիցների մետաբոլիզմը միատեսակ արդյունավետ է եղել:

Այսպիսով, կաթնաշոռը նույնքան օգտակար է, որքան հատուկ պատրաստված ըմպելիքները, որոնք առաջարկվում են գիշերը ձեռքի հետ ուտելու համար: Իսկ քանի որ խոսքը ոչ մեծ քանակության մասին է, կարելի է օգտագործել նաեւ յուղոտ կաթնաշոռ, քանի որ ճարպի բացարձակ քանակությունը այնքան էլ մեծ չի լինի: Դրանից բացի, բնական կաթնաշոռը կպարունակի լակտոբակտերիայի օգտակար կուլտուրաներ:



© NEWS.am Medicine