14:04 27 մայիսի, 2014Մայիսի 27-ին ցրված սկլերոզի (ՑՍ) դեմ պայքարի Համաշխարհային օրն է, որը նշվում է ցրված սկլերոզի ընկերությունների Միջազգային ֆեդերացիայի նախաձեռնությամբ։
Առաջին անգամ այս հիվանդությունը արձանագրվել է 1835թ. ֆրանսիացի բժիշկ Ժ. Կրյուվելյեի կողմից։ Ավելի ուշ բժիշկները նորից բախվել են նման դեպքերի հետ, իսկ 1868թ ֆրանցիացի նյարդաբան Ժ. Շարկոն ամփոփել է ցրված սկլերոզի պաթոմորֆոլոգիական ախտանշանները եւ սկսել է մշակել դրա ախտորոշման չափորոշիչները։
Ցրված սկլերոզը քրոնիկ աուտոիմունային հիվանդություն է, որի ժամանակ վնասվում է ուղեղի (ինչպես գլխուղեղի, այնպես էլ ողնուղեղի) նյարդային հանգույցների միելինային թաղանթը։ Այս հիվանդության առաջացմանը պատճառները դեռեւս հայտնի չեն։ Հայտնի է միայն, որ հիմնականում այս հիվանդությունը հանդիպում է 20-40 տարեկան երիտասարդ մարդկանց մոտ եւ հաճախ կարող է հաշմանդամություն առաջացնել, այդ պատճառով ցրված սկլերոզը չի կարող մեկ ընտանիքի խնդիր լինել. սա համամարդկային խնդիր է։