Վիրաբույժը հեռացրել առողջ երիկամը՝ այն քաղցկեղային ուռուցքի հետ շփոթելով

16:43   5 նոյեմբերի, 2018

ԱՄՆ Ֆլորիդա նահանգից վիրաբույժը սխալմամբ հեռացրել է 53-ամյա կնոջ առողջ երիկամը՝ այն քաղցկեղային ուռուցքի հետ շփոթելով:

Մաուրինո Պաչեկոն մի քանի տարի տառապում էր մեջքի ցավերի պատճառով, որոնք սկսվել էին ճանապարհային պատահարից հետո: 2016 թվականի ապրիլին, վերջապես, որոշել է բժշկի դիմել: Նա ընտրել է Wellington Regional Medical Center in Wellington բժշկական կենտրոնը եւ բժիշկ Ռամոն Վասքեսին, որը մեծ ստաժով վիրաբույժ է:

Նա կնոջն առաջարկել է վնասված տեղում ոսկորները «սոսնձել»: Վասքեսն ինքը պետք է կատարեր վիրահատության առաջին մասը, իսկ ոսկորներով պետք է զբաղվեին վիրաբույժ-օրթոպեդներ Ջոն Բրիթը եւ Ջեֆրի Կագլերը: Սակայն կնոջ կոնքում տարօրինակ գոյացություն տեսնելով եւ այն քաղցկեղային ուռուցք համարելով՝ բժիշկ Վասքեսը որոշել է այն հեռացնել մինչեւ հիվանդով կզբաղվեին օրթոպեդները:

Ինչպես պարզվել է հետո, Վասքեսը վիրահատությունից առաջ չի նայել հիվանդի ՄՌՏ պատկերները, որոնցում հստակ երեւում էր, որ երիկամներից մեկն այնտեղ չէր տեղադրված, որտեղ պետք է լինի. հազվագյուտ, բայց կյանքին եւ առողջությանը չսպառնացող բնածին արատի պատճառով երիկամը գտնվում էր հիվանդ կնոջ կոնքում:

Երբ Մաուրին Պաչեկոն անեսթեզիայից հետո արթնացել է, նրան հայտնել են, որ վիրահատության ժամանակ բժիշկը սխալմամբ հեռացրել է նրա առողջ երիկամը: Այս սկանդալային գործով դատավարությունը տեւել է ամբողջ 2 տարի: Միայն ընթացիկ տարվա սեպտեմբերին է կինը ստացել 500 հազար դոլարի փոխհատուցում: Իհարկե, նա հիմա պետք է ապրի մեկ երիկամով, եւ ոչ մի փոխհատուցում դա չի շտկի:

Հետաքրքիր է, որ նրան փոխհատուցումը վճարել են օրթոպեդներ Ջոն Բրիթը եւ Ջեֆրի Կագլերը (յուրաքանչյուրը 250-հազարական դոլար), որոնք, կարծես, տեղի ունեցածին ամենաքիչն էին կապված: Իսկ Ռամոն Վասքեսը բժշկական անփութության ապահովագրություն չուներ: Նրա լիցենզիան հետ կանչելու դատը մինչեւ հիմա շարունակվում է:



© NEWS.am Medicine