Այսպիսի ձեռքը հասանելի կլինի յուրաքանչյուրին. Հայ ուսանողներն աշխատում են մտքի ուժով կառավարվող բիոնիկական ձեռքի ստեղծման վրա (ֆոտո)

18:13   6 նոյեմբերի, 2018

Երեք հայ ուսանողներ արդեն 1,5 տարի աշխատում են բիոնիկական ձեռքի ստեղծման վրա, որը կարող է փոխարինել անդամահատված վերջույթին եւ զգալիորեն լավացնել մարդկանցից շատերի կյանքը:

ANEL (Հայկական ազգային ինժեներական լաբորատորիաներ, Armenian National Engineering Laboratories) կենտրոնի ուսանող Զավեն Խանամիրյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում հայտնեց, որ նման ձեռք ստեղծելու գաղափարը ծնվել է Հերացու անվան Երեւանի բժշկական համալսարանից իր ընկերների մոտ: Իսկ քանի որ գաղափարի իրականացման համար անհրաժեշտ էին «ինժեներական լուծումներ», ինքը, լինելով ապագա ինժեներ, միացել է նրանց:

Բիոնիկական ձեռքը կառավարվում է մարդու նյարդային խթաններով. այն, ինչպես բացատրեց Զավեն Խանամիրյանը, ձեռքի վերին հատվածում միանում է անմիջապես նյարդերին եւ «կարդում» նյարդային ակտիվությունը, որից հետո շարժումներ է կատարում՝ ստացած հրամանին համապատասխան: Ինչպես նշեց ուսանողը, յուրաքանչյուր մատի շարժմանը համապատասխանում է կոնկրետ նյարդային խթան, եւ նրանք բիոնիկական ձեռքը կառավարող ծրագրին սովորեցնում են ճանաչել այդ խթանները եւ դրանք վերափոխել ձեռքի համար հասկանալի հրամանի:

Եթե մարդու ձեռքն անդամահատվել է դաստակից ներքեւ, նա կկարողանա առանձին-առանձին շարժել բիոնիկական ձեռքի յուրաքանչյուր մատը, իսկ եթե ձեռքը վերեւից է անդամահատվել, մարդը կարող է բոլոր մատները միասին ծալել ու բացել. այս դեպքում բիոնիկական ձեռքի գործելու ունակությունն, իհարկե, ավելի փոքր կլինի, սակայն նույնիսկ այդպես այն լրջորեն կազդի մարդու կյանքի որակի վրա:

Զավենի խոսքով՝ կարեւոր չէ, թե մարդը ձեռքը երբ է կորցրել՝ վերջերս, թե շատ տարիներ առաջ. այս բիոնիկական պրոթեզը, միեւնույն է, կաշխատի ինչպես հարկ է, քանի որ մարդու ուղեղը վերջույթներին խթաններ է ուղարկում՝ անկախ այն հանգամանքից դրանք կան, թե ոչ:

«Մենք արդեն 1,5 տարի է աշխատում ենք այս նախագծի վրա, բայց դեռեւս շատ բան կա անելու»,- անկեղծանում է Զավենը:

Ձեռքը հիմա միանգամայն լավ է աշխատում՝ կարող է մատները ծալել եւ բացել: Բայց ուսանողները չեն ցանկանում սրանով սահմանափակվել. նրանք մտածում են այն մասին, թե ինչպես պատրաստեն ձեռքի բարելավված տարբերակը, որը անմիջաբար մարդու ուղեղից արձակվող խթանները «կկարդա». այդ դեպքում ձեռքը հնարավոր կլինի կառավարել ուղղակի մտքի ուժով:

Այսօր բիոնիկական ձեռքեր են մշակում աշխարհի մի շարք երկրների շատ մասնագետներ: Սակայն այդ ձեքերը մի ամբողջ կարողություն արժեն. դրանք այնպիսի երկրների շարքային քաղաքացիների համար, ինչպիսին Հայաստանն է, հասանելի չեն: Իսկ իրենց մշակումը երիտասարդները ցանկանում են առավելագույնս էժան դարձնել, որպեսզի այն արտադրելու դեպքում յուրաքանչյուրին հասանելի լինի:

«Օրինակ՝ կան զինվորներ, որոնք ծառայության ժամանակ կորցրել են ձեռքը: Նրանցից շատերն ի վիճակի չեն գնել թանկարժեք բիոնիկական ձեռքեր: Մենք ցանկանում ենք ստեղծել առավելագույնս էժան ձեռք եւ սկսել այն արտադրել, որպեսզի հասանելի լինի դրա կարիքն ունեցող յուրաքանչյուրին»,- նշեց Զավենը:

 



© NEWS.am Medicine