Ինչո՞ւ է Հայաստանում տարածված կերատոկոնուս աչքի հիվանդությունը. պարզաբանում է փորձագետը

16:18   7 նոյեմբերի, 2018

Կերատոկոնուսը աչքի դեգեներատիվ ոչ բորբոքային հիվանդություն է, որի դեպքում եղջերաթաղանթը շատ է բարակում եւ կոնաձեւ դառնում: Հիվանդության զարգացմանը զուգահեռ՝ տեսողությունը վատթարանում է, երբեմն՝ բավականին արագ:

«Աստղիկ» ԲԿ ակնաբուժական բաժանմունքի ղեկավար Թամարա Շահինյանը NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ կերատոկոնուսը Հայաստանում բավականին տարածված հիվանդություն է:

«Սա կարող է կապված լինել մեր աշխարհագրական դիրքի եւ ուլտրամանուշակագույն ճառագայթման բարձր տոկոսի հետ»,- տեղեկացրեց Շահինյանը:

Կարեւոր դեր ունի նաեւ ժառանգականության գործոնը: «Եթե ընտանիքում կերատոկոնուսի դեպք է եղել, ապա արժի, որ հիվանդի մերձավոր ազգականները հետազոտվեն»,- հավելեց փորձագետը:

Կերատոկոնուսով մարդիկ սովորաբար ակնաբույժի դիմելիս իրենց մոտ կասկածում են աստիգմատիզմ կամ կարճատեսություն: Ճիշտ ախտորոշման եւ բուժման բացակայության դեպքում հիվանդությունը կարող է պրոգրեսիվ զարգանալ, ինչը կբերի ոչ միայն եղջերաթաղանթի բարակեցմանը, այլեւ դրա ծակվելուն:

«Մեր կլինիկան այս հիվանդության ախտորոշման եւ բուժման համար անհրաժեշտ բոլոր սարքավորումներով հագեցած է: Մենք ոչ միայն կանգնեցնում ենք հիվանդության ընթացքը, այլեւ օգնում բարելավել տեսողությունը»,- շեշտեց Շահինյանը:



© NEWS.am Medicine