Նոյեմբերին ամանորյա մեղեդիները կարող են սթրես առաջացնել

11:32   9 նոյեմբերի, 2018

Նոյեմբերից սկսած ամանորյա երգերը առեւտրի կետերում միացնելու ավանդույթը առողջության համար անվտանգ չէ: Երաժշտական հոգեբանության ոլորտի փորձագետները նշում են մարդու վրա նոն-սթոփ ռեժիմում ծննդյան օրհներգերի բացասական ազդեցության մասին, հայտնում է The Daily Mail-ը:

2006 թվականին Ամերիկյան հոգեբանական ասոցիացիայի անցկացրած հարցման ժամանակ 61 տոկոսը խոստովանել է, որ ծննդյան ժամանակահատվածում սթրես են ապրում: Բացի դրանից, հարցվածների 1/3-ը հայտնել է, որ սթրեսի մակարդակը բարձրանում է բուն տոնի ժամանակ:

Պորտլենդի Լյուիսի եւ Քլարքի քոլեջի պրոֆեսոր Պիտեր Քրիսթենսոնը նշում է, որ սթրեսը կարող է դրսեւորվել նաեւ ֆիզիկական ախտանիշներով՝ գլխացավեր, արյան բարձր ճնշում, կրծքավանդակում ցավ: Արդյունքը կարող է լինել վիճակի վատթարացումը դիաբետի, զարկերակային հիպերտենզիայի, ասթմայի եւ արթրիտի դեպքերում:

Դրանից բացի, սթրեսի հորմոն կորտիզոլի բարձր մակարդակը կարող է նպաստել գիրանալուն:

Առեւտրի կետերը, մի կողմից, նոյեմբերից սկսած ամանորյա երգեր են միացնում գնորդների շրջանում տոնական տրամադրություն ստեղծելու եւ դրա միջոցով վաճառքի մակարդակը բարձրացնելու ցանկությունից դրդված: Մյուս կողմից, սակայն, իրականում միեւնույն մեղեդիների կրկնողությունը մարդկանց մոտ գրգռվածություն եւ դժգոհություն է առաջացնում:

Պրոֆեսորի խոսքով՝ սա կարող է բացասաբար անդրադառնալ նաեւ առեւտրի կետերի աշխատակիցների հոգեկան վիճակի վրա, որոնք ամբողջ օրը ստիպված են ծննդյան օրհներգերն անընդհատ լսել:

 



© NEWS.am Medicine