Ժամանակն է, որ «Ելք» դաշինքի անդամները հիշեն իրենց խոստումների մասին եւ դեղերն ազատեն ԱԱՀ-ից. փորձագետ

14:17   9 նոյեմբերի, 2018

Ժամանակն է, որ «Ելք» դաշինքի անդամները հիշեն իրենց խոստումների մասին եւ դեղերն ազատեն 20 տոկոս ԱԱՀ-ից: Նեյեմբերի 9-ին մամուլի ասուլիսին այս մասին ասաց Հայաստանի Դեղագործների եւ դեղեր ներմուծողների միության նախագահ Սամվել Զաքարյանը:

Հիշեցնենք, որ դաշինքի մեջ էին մտնում «Քաղաքացիական պայմանագիր», «Լուսավոր Հայաստան» եւ «Հանրապետություն» կուսակցությունները:

Փորձագետը նշեց, որ ԱՊՀ ողջ տարածքում միայն Հայաստանն ու Ռուսաստանն են դեղերի համար ԱԱՀ սահմանել, ընդ որում՝ Ռուսաստանում ավելացված արժեքի հարկը կազմում է 12 տոկոս: Այս քաղաքականության արդյունքում ստացվել է, որ Հայաստանում դեղերի արժեքը 2-3 անգամ ավելի թանկ է, քան Վրաստանում եւ Ադրբեջանում:

«ԱԱՀ-ից դեղերն ազատելու հարցով մենք դեռ նախորդ կառավարության հետ էինք բանակցում: Տեղական դեղարտադրողները խոստացել էին որ իրենց կողմից նույնպես կնվազեցնեն իրենց արտադրանքի արժեքը 20 տոկոսով», - ասաց նա:

Դեղերի շրջանառության ներկա ծավալներից ելնելով՝ ԱԱՀ-ի տարեկան «բաղադրիչը» կազմում է մոտ 16 միլիոն դոլար: «Չեմ կարծում, որ պետական մասշտաբով սա մեծ գումար է: Սակայն Հայաստանի բնակչության համար դեղերի արժեքի 20 տոկոսով նվազեցումը կարեւոր է», - ընդգծեց Զաքարյանը:

Փորձագետը հիշեցրեց, որ նախկինում «Ելք» դաշինքը հանդես է եկել դեղերն ԱԱՀ-ից ազատելու օգտին: Սակայն այսօրվա դրությամբ այս հարցում ոչ մի առաջընթաց չկա: «Մենք կառավարությանը կոչ ենք անում հետեւողական լինել եւ այս խնդիրը, ի վերջո, լուծել», - հայտարարեց նա:

Զաքարյանը տեղեկացրեց, որ Հայաստանում դեղամիջոցների արժեքի վրա ազդում է նաեւ պարտադիր մակնշումը: Համապատասխան օրենքը գործում է 2014 թվականից, սակայն ոչ բոլորն են համոզված դրա նպատակահարմարությանը: «Մենք միակ երկիրն ենք, որը դեղերի մակնշում է կատարում: Ես սա ավելորդություն եմ համարում, քանի որ դեղամիջոցները խիստ վերահսկողություն են անցնում», - ասաց նա:

Մասնագետների գնահատմամբ՝ պարտադիր մակնշման հետեւանքով դեղերի արժեքը 3-5 տոկոսով աճում է: «Ոչ բոլորն են համաձայն այս գնահատականներին, սակայն այսպիսին են մեր փորձագետների եզրակացությունները», - նշեց Զաքարյանը



© NEWS.am Medicine