Ինչպիսի՞ օգտակար հատկություններ ունի սպիտակ կաղամբը

21:30   10 նոյեմբերի, 2018

Սպիտակ կաղամբը շատ տարածված է: Դրանից պատրաստում են ամենատարբեր ճաշատեսակներ՝ աղցաններ, խավարտներ, տաք ուտեստներ: Այդուհանդերձ, քչերը գիտեն, որ կաղամբը վիտամինների իսկական «պահեստ» է:

Կաղամբի տերեւները հարուստ են С, В1, В2, В6, К, D վիտամիններով, կարոտինով: Դրանից բացի, պարունակում են սպիտակուցներ, ճարպեր, բջջանյութ, ֆերմենտներ, հանքային աղեր:

Թարմ կաղամբի մեջ հայտնաբերվել է հակախոցային գործոն, որը կոչվում է U վիտամին: Այն դրական ազդեցություն է ունենում ստամոքսի եւ աղիների վրա, բարերար ազդեցություն է գործում աղիքային ֆլորայի վրա: Պատահական չէ, որ ստամոքսի եւ 12-մատնյա աղիի խոցային հիվանդության դեպքում ժողովրդական բժշկության ամենահանրահայտ միջոցներից մեկը թարմ կաղամբի հյութն է:

U վիտամինը բարելավում է նաեւ լիպիդային փոխանակությունը եւ բարերար ազդեցություն ունենում կորոնար աթերոսկլերոզով հիվանդների վրա: Այն արդյունավետ է նաեւ էկզեմայի, փսորիազի, նեյրոդերմիտի, մակերեսային ալերգիկ վասկուլիտի դեպքում:

Սպիտակ կաղամբը լայն կիրառում ունի բժշկական եւ դիետիկ սնունդի մեջ: Օրինակ՝ այն ընդգրկում են հոդատապով, լեղաքարային հիվանդությամբ հիվանդների սննդակարգի մեջ: Կաղամբի մեջ կալիումային աղերի մեծ պարունակությունը կարող է նպաստել դիուրեզի խթանմանը, ինչը թույլ է տալիս սրտի եւ երիկամների հիվանդությունների դեպքում խորհուրդ տալ գործածել կաղամբի ճաշատեսակներ, ինչպես նաեւ կաղամբի հյութ:

Սպիտակ կաղամբի մեջ նաեւ պարունակվում է գինեքարաթթու, որն արգելակում է ածխաջրերի վերափոխումը ճարպերի:



© NEWS.am Medicine