Տղամարդը չղջիկների հետ խաղալ որոշելուց հետո մահացել է կատաղության հետեւանքով

10:26   12 նոյեմբերի, 2018

ԱՄՆ Յուտա նահանգից 55-ամյա Գերի Ջայլսը չղջիկների հետ շփումից հետո մահացել է կատաղության հետեւանքով:

New York Post-ը հայտնում է, որ տղամարդու տանը չղջիկներ են ապրում, եւ ընտանիքի անդամներն այս հանգամանքին հանգիստ են վերաբերվել՝ նրանց համակրելի եւ անվտանգ համարելով: Ընդ որում՝ չղջիկներին ձեռքի մեջ են պահել, շոյել՝ անգամ չկասկածելով, որ նրանք կարող են լինել վտանգավոր ինֆեկցիոն հիվանդության կրողներ:

Թեւավորները եւս չեն վախեցել բնակիչներից եւ երբեմն գիշերները իջել են նրանց մահճակալների վրա: Հիմա Գերիի մահվանից հետո ընտանիքի անդամները պատվաստվել են կատաղության դեմ:

Յուտա նահանգում կատաղության հետեւանքով մահվան վերջին դեպքը գրանցվել էր 1944 թվականին: ԱՄՆ-ում 2008-ից 2017 թվականներին գրանցվել է մարդու կատաղության ընդամենը 23 դեպք:

Կատաղությունն արտահայտվում է զգայական օրգանների կտրուկ մեծացած զգայունությամբ չնչին գրգռիչների հանդեպ՝ վառ լույսը, տարբեր ձայները, աղմուկը առաջացնում են վերջույթների մկանների ջղակծկումներ: Հիվանդներն ագրեսիվ են դառնում, կատաղի, մեծանում է թքարտադրությունը: Ժամանակի ընթացքում սկսվում է ակնամկանների, ստորին վերջույթների, ինչպես նաեւ այտոսկրերի մկանների կաթված: Մահը վրա է հասնում շնչառական մկանների կաթվածի (խեղդամահ լինելու) հետեւանքով:



© NEWS.am Medicine