Զբոսաշրջիկը կատաղությունից մահացել է կատվի կծելուց հետո

10:27   14 նոյեմբերի, 2018

Բրիտանացի զբոսաշրջիկը մահացել է այն բանից հետո, երբ նրան կատաղությամբ վարակված կատուն կծել է: New York Post-ը հայտնում է, որ միջադեպը տեղի է ունեցել Մարոկկոյում անցկացվող արձակուրդի ժամանակ:

Մեծ Բրիտանիայի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները միջադեպի հետ կապված զբոսաշրջիկներին կոչ են արել կատարել բոլոր անհրաժեշտ պատվաստումները:

Դրանից բացի, ճանապարհորդներին խորհուրդ է տրվում հեռու մնալ շներից, կատուներից եւ այլ կենդանիներից, հատկապես Ասիայի եւ Աֆրիկայի երկրներում, որտեղ կատաղությունը տարածված է:

Կատաղության վիրուսը փոխանցվում է հիվանդ կենդանու կողմից կծելու ժամանակ թքով: Այնուհետեւ նյարդային ուղիներով տարածվելով՝ վիրուսը հասնում է թքագեղձերին, գլխուղեղի կեղեւի նյարդային բջիջներին, հիպոկամպին՝ առաջացնելով ծանր խանգարումներ:

Կատաղությանը հատուկ է զգայական օրգանների համար չնչին գրգռիչների հանդեպ կտրուկ մեծացած զգայունությունը. վառ լույսը, տարբեր ձայները, աղմուկը առաջացնում են վերջույթների մկանների ջղակծկումներ: Ի հայտ են գալիս ջրից վախ, աերոֆոբիա, զգայախաբություններ, զառանցանք, վախի զգացում: Հիվանդներն ագրեսիվ են դառնում, կատաղի, մեծանում է թքարտադրությունը: Մահն առաջացնում է շնչառական մկանների կաթվածը (շնչահեղձություն):



© NEWS.am Medicine