Դեռահասության տարիքում ավելորդ քաշը կապված է ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի մեծ հավանականության հետ

21:40   14 նոյեմբերի, 2018

Դեռահասության տարիքում ավելորդ քաշն ու ճարպակալումը հատկապես վտանգավոր են, քանի որ գրեթե 4 անգամ մեծացնում են ապագայում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի զարգացման վտանգը։ Այս մասին նշված է CANCER ամսագրում հրապարակված նոր հետազոտությունում։

Rabin Medical Center-ից եւ Tel Aviv University-ից (Իսրայել) հետազոտողները վերլուծել են 16-19 տարեկան գրեթե 1,8 միլիոն մարդկանց բժշկական քարտերի տվյալները։

Քարտերում գրանցված էին 1967-2002 թվականներին անցկացված բուժհետազոտությունների տվյալները։ Գիտնականներն այնուհետեւ համադրել են բժշկական քարտերի տվյալները մինչեւ 2012 թվականը գրանցված ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի դեպքերի հետ։

Պարզվել է, որ դեռահասության տարիքում ճարպակալումը 3,76 անգամ մեծացնում է քաղցկեղի հավանականությունը՝ տղամարդկանց դեպքում եւ 4,07 անգամ՝ կանանց դեպքում։ Միաժամանակ, նորմայից բարձր մարմնի քաշով տղամարդկանց դեպքում ենթաստամոքսային գեղձի քաղցկեղի հավանականությունը մեծանում է 49 տոկոսով։

Հետաքրքիր է, որ Քալիֆորնիայի համալսարանի գիտնականների կողմից վերջերս կատարված մեկ այլ հետազոտություն ցույց էր տվել, որ ճարպակալումը մեծացնում է նոր տեսակի հակաքաղցկեղային իմունոթերապիայի արդյունավետությունը։



© NEWS.am Medicine