Ոչ լիարժեք քունը դեռահասների շրջանում առողջական լուրջ խնդիրներ է առաջացնում

16:23   14 նոյեմբերի, 2018

Ոչ լիարժեք քունը դեռահասների շրջանում առողջական լուրջ խնդիրներ է առաջացնում: Այս մասին է վկայում ԱՄՆ Ռաթգերի համալսարանի գիտնականների հետազոտությունը:

MedicalXpress-ը հայտնում է, որ դեռահասության շրջանում քնի պակասը կարող է վերափոխվել ոչ առողջ սննդակարգի, ճարպակալման եւ նստակյաց կենսակերպի: Հետազոտությանը մասնակցել է 8-ից մինչեւ 17 տարեկան ավելի քան 177 հազար երեխա: Ուսումնասիրվել են նրանց սնվելու սովորությունները, ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակը, ինչպես նաեւ քնի տեւողությունը:

Ոչ լիարժեք քուն է համարվում, երբ մինչեւ 12 տարեկան երեխաները օրական 9 ժամից քիչ են քնում, իսկ 12 տարեկանն անց դեռահասները՝ օրական 8 ժամից քիչ: Պարզվել է, որ փորձարկվողների մոտ 40 տոկոսն ավելի քիչ է քնել, քան բժիշկները խորհուրդ են տալիս: Ընդ որում՝ արդյունքում նրանք չեն նախաճաշել, հիմնականում ֆասթ ֆուդ, քաղցրեղեն են կերել, հրաժարվել օգտակար մթերքներից:

Դրանից բացի, նրանք ավելի հաճախ են նստակյաց կենսակերպ վարել, արդյունքում՝ ավելորդ քաշ են հավաքել, ինչը հետագայում ճարպակալում է առաջացրել:

Քնի բժշկության ամերիկյան ակադեմիան խորհուրդ է տալիս 6-ից մինչեւ 12 տարեկան երեխաներին քնել օրական 9-ից մինչեւ 12 ժամ, իսկ 13-18 տարեկան դեռահասներին՝ 8-ից մինչեւ 10 ժամ:



© NEWS.am Medicine