Սերն ինֆեկցիաներից կփրկի. գիտնականներ

11:28   15 նոյեմբերի, 2018

Սերը ոչ միայն թռիչքի զգացում է առաջացնում, այլեւ բարերար է ազդում մարդու օրգանիզմի վրա:

Արեւմտյան Վիրջինիայի համալսարանի գիտնականները նշում են, որ սիրահարվածությունը ուղեղի 12 հատվածների ակտիվության արդյունք է, որոնք պատասխանատու են մտապահման եւ որոշումներ ընդունելու պրոցեսների համար: Արդյունքում մարդն ավելի հաջողակ է դառնում առօրյա գործերում եւ աշխատանքում:

Ուղեղի ակտիվության մեջ առաջին փոփոխությունները դիտվում են առաջին 0,02 վայրկյաններին սիրո զգացում ունենալու պահից: Սերը ուղեղ է «նետում» մի քանի տեսակի հորմոններ, այդ թվում՝ դոֆամին եւ օկսիտոցին: Սա արդյունքում խթանում է մտավոր գործունեությունը՝ թույլ տալով ավելի համարժեք որոշումներ ընդունել:

Դրանից բացի, սիրահարվածությունն ազդում է օրգանիզմի՝ ինֆեկցիաների դեմ պայքարի մեխանիզմների վրա: Տարբեր տարիքի 50 կանանց մասնակցությամբ անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ թույլ սեռի սիրահարված ներկայացուցիչները ավելի բարձր իմունիտետ ունեն:

Այսպիսով, սիրահարված մարդու օրգանիզմը կարող է ինքնուրույն պայքարել ինֆեկցիաների եւ վիրուսների դեմ:



© NEWS.am Medicine