Սուրճը նվազեցնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը. հետազոտություն

14:24   15 նոյեմբերի, 2018

Սուրճի գործածումը շուրջ 25 տոկոսով նվազեցնում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման հավանականությունը: Այսպիսի «անսպասելի» եզրահանգում են կատարել Սուրճի վերաբերյալ գիտական տեղեկատվության ինստիտուտի (ISIC) մասնագետները:

Նրանք վերլուծել են սուրճի եւ մետաբոլիկ հիվանդությունների փոխկապվածության վերաբերյալ 30 հետազոտությունների տվյալները, որոնց մասնակցել է ընդհանուր 1,185,210 մարդ: Պարզվել է, որ օրական 3-4 գավաթ սուրճի գործածումը 2-րդ տիպի դիաբետի զարգացումը 25 տոկոսով նվազեցնում է, ընդ որում՝ ինչպես կանանց, այնպես էլ տղամարդկանց շրջանում:

Հետաքրքիր է, որ բարերար արդյունք է ունենում նույնիսկ կոֆեին չպարունակող սուրճը, հետեւաբար հարցն ամենեւին կապված չէ կոֆեինի հետ: Մասնագետների խոսքով՝ սուրճն ունի հակաօքսիդանտային ազդեցություն եւ կարող է հակաբորբոքային արդյունք ունենալ, ազդել աղիքային միկրոֆլորայի վրա, ինչպես նաեւ նպաստել ճարպի այրմանը. հավանաբար, այս ամենով է պայմանավորված նաեւ դիաբետի զարգացման հավանականության վրա նրա ազդեցության մեխանիզմը:

Հետազոտության տվյալների համաձայն՝ սուրճի բաղադրության մեջ առկա են մի շարք օգտակար նյութեր, ներառյալ կոֆեինը, ինչպես նաեւ սուրճաթթու, հիդրոօքսիկորաթթուներ, տրիգոնելին եւ դիտերպեններ, այդ թվում՝ կաֆեստոլ եւ կախվեոլ, որոնք հակաբորբոքային ազդեցություն ունեն:



© NEWS.am Medicine