Իսպանիայի կառավարությունը դուրս է գալիս ոչ ավանդական բժշկության դեմ պատերազմի արահետ

23:00   15 նոյեմբերի, 2018

Իսպանիայի կառավարությունը դուրս է գալիս ոչ ավանդական բժշկության դեմ պատերազմի արահետ:

Նախատեսվում է ոչ ավանդական բժշկության պրակտիկան եւ մեթոդները բացառել այն ծառայությունների ցանկից, որոնք տրամադրվում են բժշկական կենտրոնների կողմից, հայտնում է AFP-ն: Դա, մասնավորապես, վերաբերում է ասեղնաբուժությանը եւ հոմեոպատիային:

Կառավարության նպատակն է ոչ ավանդական պրակտիկայի «հնարավոր վնասակար ազդեցությունից» խուսափելը: Նշում է, որ շատերը շարունակում են հավատալ, որ այլընտրանքային բուժման որոշ տեսակներ գործուն են:

Այսպես, 2016 թվականին կատարված հետազոտության համաձայն՝ հարցվածների 59,8 տոկոսը հավատում է ասեղնաբուժության բուժական արդյունքին, իսկ 52,7 տոկոսը՝ հոմեոպատիկ դեղամիջոցների հրաշագործ արդյունքին:

Ավելի վաղ JAMA Oncology-ն, վկայակոչելով ԱՄՆ-ում կատարված հետազոտությունը, հայտնել էր, որ ոչ ավանդական բժշկությունը նվազեցնում է քաղցկեղով հիվանդների ապրելիության հնարավորությունները: Սա պայմանավորված է այն հանգամանքով, որ օնկոհիվանդները բուժման այլընտրանքային մեթոդներ ընտրելով՝ հաճախ հրաժարվում են քաղցկեղի բուժման ստանդարտ միջոցներից:



© NEWS.am Medicine