6-ամյա տղան 14 մագնիս է կուլ տվել, որոնք ծակել են նրա աղիքները

22:04   16 նոյեմբերի, 2018

ԱՄՆ-ի Յուտա նահանգից 6-ամյա Միկա Արվիդսոնը պատահաբար 14 մագնիս է կուլ տվել, որոնք ծակել են նրա աղիքները:

Ծնողները պատմել են, որ երեխան Հելոուինից մեկ շաբաթ առաջ ոգեւորված տրամադրություն ուներ, քանի որ տոնին նա պատրաստվում էր հայտնվել իր սիրելի համակարգչային խաղից՝ Halo-ից, հերոսի կերպարով: Սակայն Հելոուինի գիշերը նա բողոքել է վատ ինքնազգացողությունից եւ անգամ հրաժարվել վեր կենալ անկողնուց: Սկզբում ծնողները ենթադրել են, որ Միկան թունավորվել է, բայց երեք օր շարունակ տեւած սրտխառնոցից եւ որովայնի ցավերի գանգատներից հետո երեխային հիվանդանոց են տարել:

Հետազոտությունը ցույց է տվել, որ տղան միանգամից 14 մագնիս է կուլ տվել, որոնք բարակ ուղու մեջ են հայտնվել եւ ծակել այն, այսինքն պատռել նրա թաղանթը: Արդյունքում լեղին սկսել է ստամոքս լցվել:

Ավելի ուշ երեխան խոստովանել է, որ գաղտնի խաղացել է իր եղբոր ֆիջեթ խաղալիքի հետ, իսկ երբ նա մտել է սենյակ, որոշել է թաքցնել այն՝ մտցնելով բերանը եւ պատահաբար կուլ տվել:Արդեն 2 շաբաթ է տղան հիվանդանոցում է գտնվում, նա չի կարողանում ուտել կամ խմել: Այս ընթացքում նրա աղիքները 3 անգամ վիրահատել են եւ բժիշկները փորձում են վերականգնել նրա առողջությունը: Տղան դեռ իրեն վատ է զգում եւ գրեթե ամեն օր 39-40 աստիճան ջերմություն ունի:

Սակայն հետաքրքիր է, որ նա ինքն է խնդրել մորը այս պատմության մասին պատմել այլ երեխաներին, որպեսզի նրանք սովորեն իր սխալների վրա եւ զգույշ լինեն խաղալիքների եւ հատկապես մագնիսների հետ:



© NEWS.am Medicine