Տղամարդն ամբողջ 5 տարի բուժվել է իր մոտ գոյություն չունեցող քաղցկեղի դեմ

09:11   17 նոյեմբերի, 2018

ԱՄՆ Կոլորադոյից Ջեյմս Սալազն ամբողջ 5 տարի քիմիաթերապիա եւ ցավազրկողներ է ստացել՝ հույս ունենալով քաղցկեղը բուժել, որը, ինչպես հետո է պարզվել, գոյություն չուներ:

Ջեյմսը դեռեւս 2012 թվականին դիմել է Montrose Memorial Hospital հիվանդանոց՝ գանգատվելով թեւատակերի կոշտացումներից, որտեղ բժիշկների մի շարք անալիզներից հետո նրա ձախ թոքում ինչ-որ «շեղումներ» են հայտնաբերել: Բիոպսիա կատարելուց հետո բժիշկները հիվանդին հայտնել են, որ նրա մոտ առկա է քաղցկեղի հազվագյուտ տեսակ՝ Լանգերհանսի բջիջների հիստիոցիտոզ (Langerhans Cell Histiocytosis(LCH)), որի դեպքում արյան սպիտակ բջիջների ավելցուկային քանակությունը ամբողջ օրգանիզմում ուռուցքներ է առաջացնում:

Ջեյմսին շտապ բուժում է առաջարկվել, սակայն թոքերում այդ շեղումները տարիներ շարունակ չեն անհետացել: Տղամարդը քիմիաթերապիայի մի քանի սեանս է անցել, որոնք նրա մոտ սաստիկ ցավեր են առաջացրել, որոնց պատճառով նա ստիպված էր ցավազրկողներ ընդունել:

Նրա տառապանքը տեւել է ամբողջ 5 տարի: Մի օր Ջեյմսը ուղեւորվել է այլ բժշկի հետ հանդիպման, որը ապշահար հիվանդին ասել է, որ նրա մոտ ոչ մի քաղցկեղ չկա եւ չի եղել: Իրականում Ջեյմսը տառապում էր վասկուլիտով, որն առաջացնում է արյունատար անոթների բորբոքումներ:

Բժիշկների խոսքով՝ եթե նրա վասկուլիտը ժամանակին բուժեին, ամեն ինչ կարգին կլիներ: Բայց առանց պատշաճ բուժման հիվանդությունը վերածվել է պոլիանգիտիտով գրանուլոմատոզ ձեւի (Granulomatosis with polyangiitis (GPA)): Ավելին՝ գոյություն չունեցող քաղցկեղի բուժման համար քիմիաթերապիայի կուրսերի պատճառով տղամարդը նաեւ ենթաստամոքսային գեղձի բորբոքում է «վաստակել», որի հետ ստիպված կլինի ապրել մնացյալ ամբողջ կյանքում:



© NEWS.am Medicine