Մասնագետներն առաջարկել են էկզեմայի բուժման նոր մոտեցում

23:47   17 նոյեմբերի, 2018

Ալերգիայով հիվանդներին սովորաբար նշանակվող ներարկումները կարող են թեթեւացնել նաեւ էկզեմայի ծանր ձեւերով՝ ատոպիկ մաշկաբորբով մարդկանց վիճակը: Այս հայտարարությունը հաստատող հետաքրքիր դեպքի մասին ներկայացվել է Ալերգիայի, ասթմայի եւ իմունոլոգիայի ամերիկյան քոլեջի (American College of Allergy, Asthma and Immunology (ACAAI) Annual Scientific Meeting) ամենամյա հանդիպման ժամանակ:

Խոսքը ոչ մեծ քանակությամբ ալերգենի ներարկման մասին է՝ այս ալերգենի հանդեպ զգայունությունն աստիճանաբար նվազեցնելու նպատակով. օրգանիզմն այս կերպ վարժվում է գրգռիչին եւ դադարում դրան բուռն արձագանքել:

Որպես օրինակ բերվում է 48-ամյա տղամարդու դեպքը, ում մոտ ծանր էկզեմայի ախտանշանները դիտվում են վաղ մանկության տարիներից: Կորտիկոստերոիդային միջոցները չէին ազդում, նաեւ այլ հակաբորբոքային ու խոնավեցնող քսուքները: Հիվանդի մոտ զուգահեռ գրանցված էր բազմակի ալերգիա:

Թեստերը ցույց են տվել, որ տղամարդն ալերգիա ուներ փոշու շնաճանճի, տարբեր խոտերի, ծառերի, սնկերի, կատուների եւ շների հըանդեպ: Նրան նշանակել են ալերգիայի դեմ ներարկային թերապիա: Երբ հասել են ներարկվող ալերգենի համարժեք դեղաչափի, հիվանդի մոտ էկզեմայի ախտանշանները սկսել են անհետանալ: Մեկ տարի հետո արձանագրվել է վիճակի զգալի բարելավում եւ ստերոիդային դեղամիջոցի մեծ դեղաչափի անհրաժեշտություն այլեւս չի եղել: Անհետացել է քորը, իսկ մաշկը դարձել է ավելի քիչ չոր:



© NEWS.am Medicine