5 կանոն, որոնք կօգնել դիաբետից պաշտպանվել

18:07   19 նոյեմբերի, 2018

2-րդ տիպի դիաբետի դեպքերի գերակշիռ մեծամասնությունը սխալ կենսակերպի հետեւանք է: Հետեւաբար՝ դիաբետը կարելի է կանխել, եթե հետեւեք մի քանի պարզ խորհուրդների:

Հավասարակշռված սնունդ

Շաքարի, ճարպերի եւ տարբեր քիմիական հավելումների մեծ պարունակությամբ բարձրկալորիական սնունդի գործածումը համարվում է 2-րդ տիպի դիաբետի զարգացման գործոն: Դիաբետից պաշտպանվելու համար խորհուրդ է տրվում հրաժարվել կամ նվազագույնի հասցնել վերամշակված սննդամթերքի գործածվող քանակությունը՝ երշիկեղեն, սպիտակ ալյուրից եւ բրինձից արտադրանք, հնարավորինս քիչ ուտել շաքարի եւ ճարպերի հավելումներով մթերքներ: Սննդակարգի հիմքը պետք է կազմեն բանջարեղենը, մրգերը, հատիկավորները եւ ոչ յուղոտ միսը կամ յուղոտ ձուկը: Չարժի մոռանալ նաեւ ընդեղենի մասին՝ դրանք արագ են հագեցնում եւ կուշտ լինելու երկարատեւ զգացում ապահովում:

Ֆիզիկական ակտիվություն

Ցանկալի է օրվա ընթացքում հնարավորինս շատ շարժվել: Խորհուրդ է տրվում շաբաթական 150 րոպե չափավոր բնույթի աերոբիկայով զբաղվել կամ 75 րոպե ինտենսիվ ծանրաբեռնվածությամբ:

Ծխախոտից հրաժարում

Ծխողները 30-40 տոկոսով ավելի շատ են հիվանդանում 2-րդ տիպի դիաբետով, քան չծխող մարդիկ: Ծխողների շրջանում դիաբետի հավանականությունը բարձր է՝ կապված այն հանգամանքի հետ, որ ծխախոտի ծխի մեջ պարունակվող նյութերը, նրանց օրգանիզմ ընկնելով, առաջացնում են բորբոքում, բջիջների վնասում եւ օքսիդացում: Ուստի, եթե ծխում եք, հրաժարվեք, իսկ եթե չեք ծխում, երբեք մի՛ սկսեք:

Առողջ քաշի պահպանում

Ավելորդ քաշը եւ լայն գոտկատեղը ձեռք ձեռքի են ընթանում ինսուլինի հանդեպ ռեզիստենտության հետ, որի ֆոնին զարգանում է նախադիաբետ, իսկ այնուհետեւ նաեւ դիաբետ: Օրգանիզմում ավելորդ ճարպը բացասաբար է անդրադառնում արյան մեջ շաքարի եւ խոլեստերինի մակարդակների պահպանման վրա, ուստի կարեւոր է պահպանել նույն քաշը եւ չգիրանալ: Որքան մեծ է օրգանիզմում ավելորդ ճարպի պարունակությունը, այնքան բարձր է դիաբետով հիվանդանալու հավանականությունը:

Պարբերական հետազոտություններ

Եթե ձեր ազգականների թվում կան դիաբետիկներ, խորհուրդ է տրվում ստուգել արյան մեջ շաքարի մակարդակը եւ բարձր լինելու դեպքում բժշկի դիմել: Շաքարի պարունակության 5,7-ից մինչեւ 6,4 ցուցանիշն արդեն անհանգստանալու լուրջ առիթ է:



© NEWS.am Medicine