Երաժշտությունը դրական է ներգործում տարեցների հիշողության վրա: Արեւմտյան Վիրջինիայի համալսարանին առընթեր Առողջապահության դպրոցից բժիշկ Քիմ Ինեսի ղեկավարությամբ անցկացված հետազոտության մեջ նշվում է երաժշտություն ունկնդրելու եւ մեդիտացիայի դրական արդյունքի մասին:
Գիտնականների կարծիքով՝ բարերար արդյունքը կապված է այն հանգամանքի հետ, որ հիշողության կորստով տարեցների շրջանում երաժշտությունը եւ մեդիտացիան կարող են փոխել բջջային ծերացման եւ Ալցհեյմերի հիվանդության որոշ բիոմարկերներ: Սրա հետեւանքը կարող է լինել ոչ միայն հիշողության, այլեւ իմացական ընդունակությունների, քնի եւ տրամադրության որակի բարելավումը:
Հետազոտությանը ներգրավվել է կոգնիտիվ ունակությունների սուբյեկտիվ նվազմամբ (subjective cognitive declin, SCD) 60 տարեց: Նման վիճակ կարող է լինել Ալցհեյմերի հիվանդության մինչկլինիկական փուլում:
Կամավորներին բաժանել են երկու խմբի՝ մեկը զբաղվել է մեդիտացիայով, մյուսը՝ ունկնդրել երաժշտական ծրագիր: Այս զբաղմունքին 12 շաբաթ օրական 12 րոպե է հատկացվել:
Պարզվել է, որ զգալիորեն բարելավվել են բոլոր փորձարկվողների հիշողությունն ու կոգնիտիվ ունակությունները: Ընդ որում՝ դրական արդյունք է դիտվել անգամ վեց ամիս անց:
Հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Alzheimer's Disease պարբերականում: