Արդյոք գոյություն ունի՞ «ինքնասպանության գեն»

18:27   20 նոյեմբերի, 2018

ԱՄՆ Յուտա նահանգի համալսարանի հետազոտողները հայտնաբերել են 4 գենային մուտացիաներ, որոնք առավել հաճախ են հանդիպում մարդկանց շրջանում, որոնք ինքնասպանություն են գործել: Այս մասին հայտնում է EurekAlert!-ը:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ ամեն տարի ավելի քան 800 հազար մարդ ինքնասպանություն է գործում (այսինքն՝ յուրաքանչյուր 40 վայրկյանը մեկ մեկ մարդ): Ավելի վաղ կատարված հետազոտություններով որոշ գենետիկ կապ էր հայտնաբերվել այն ընտանիքներում, որտեղ արդեն եղել էին ինքնասպանության դեպքեր:

Իսկ հիմա գիտնականներին հաջողվել է «նույնականացնել» գեների 4 տարբերակներ, որոնք կարող են մեծացնել ինքնասպանության հավանականությունը: Խոսքը SP110, AGBL2, SUCLA2 եւ APH1B գեների մասին է:

Գիտնականներն ուսումնասիրել են 43 ընտանիքներում միմյանց հեռահար փոխկապված ինքնասպանության դեպքերը: Փորձագետները նշում են, որ ծննդաբանական տեղեկատվությունը տարածվում է կոնկրետ ընտանիքի 9 սերունդով:

Գենոմային տարբերակները գտնելու համար հետազոտվել են Յուտա նահանգում ինքնասպանություն գործած անձանց ԴՆԹ 1300-ից ավելի նմուշներ: Արդյունքում նրանց հաջողվել է նույնականացնել գեների 4 տարբերակներ, ինչպես նաեւ հայտնաբերել եւս 207 գեներ, որոնք անհրաժեշտ է ավելի լրջորեն ուսումնասիրել ինքնասպանությունների հավանականության հետ դրանց փոխկապվածությունը ստուգելու համար:

Մինչդեռ, հետազոտությունները մեկ «բայց» ունեն. ուսումնասիրված դեպքերի մեծ մասը վերաբերել են անձանց, որոնք պատկանել են հյուսիսեվրոպական տոհմաբանությանը:

Գիտնականները նշում են, որ գենետիկ տարբերակները ամենեւին ոչ բոլոր գործոններն են, որոնք ինքնասպանության դեպքում առանցքային դերակատարում ունեն: Այդուհանդերձ, մասնագետները հույս ունեն, որ ստացած տվյալները կօգնեն հայտնաբերել այն մարդկանց, որոնք գտնվում են «ինքնասպանների» ռիսկի խմբում:



© NEWS.am Medicine