Ուժային վարժությունները սրտի համար ավելի օգտակար են, քան կարդիոմարզումները. New York Post

10:40   21 նոյեմբերի, 2018

Ուժային վարժությունները սրտի համար ավելի օգտակար են, քան կարդիոմարզումները: Այս մասին հայտնում է New York Post-ը՝ վկայակոչելով հետազոտությունները:

Պարզվել է, որ ուժային ծանրաբեռնվածությունը մարդուն ավելի արդյունավետ է պաշտպանում սրտի նոպաներից եւ կաթվածի զարգացումից, քան վազքը կամ հեծանվային մարզասարքի վրա մարզվելը:

Գրենադայի Սուրբ Գեորգիի համալսարանի հետազոտողները վերլուծել են 4086 մեծահասակների առողջական վիճակի տվյալները: Պարզվել է, որ նրանցից 36 տոկոսը 21-ից մինչեւ 44 տարեկանում կատարել է ստատիկ վարժություններ, իսկ 28 տոկոսը՝ դինամիկ (ինչպես վազքը):

Ցանկացած ֆիզիկական ծանրաբեռնվածություն 30-ից մինչեւ 70 տոկոսով նվազեցրել է սիրտ-անոթային հիվանդությունների զարգացման վտանգի գործոնները, սակայն առավել ընդգծված դրական էֆեկտ է դիտվել ստատիկ վարժությունների դեպքում:

Այսպես՝ մեծ տարիքում ծանրամարտի երկրպագուների շրջանում դիտվել է արյան ճնշման, մարմնի զանգվածի ինդեքսի կայունացում, դիաբետի զարգացման վտանգների նվազեցում: Վազքը կամ հեծանվային մարզասարքի վրա մարզումը նույնպես նվազեցրել է մարմնի զանգվածի ինդեքսը, սակայն արդյունքն այնքան էլ տպավորիչ չէր:

Ծանրամարտի արդյունավետությունն առավել արտահայտված էր նաեւ սիրտ-անոթային առողջության մակարդակի հիմնական ցուցանիշների բարելավման դեպքում:

Մինչդեռ խոլեստերինի դեպքում ո՛չ ստատիկ, ո՛չ դինամիկ վարժությունները  անոթների վիճակի վրա չեն ազդել:



© NEWS.am Medicine