Ինչպիսի՞ հիվանդություններ կարող են առաջացնել կրծքի սիլիկոնային իմպլանտները

18:44   21 նոյեմբերի, 2018

Կրծքի սիլիկոնային իմպլանտներն ամենեւին էլ այնքան անվտանգ չեն, որքան ցանկանում են հավատալ շատ կանայք ու տղամարդիկ. ինչպես պնդում են University of Texas MD Anderson Cancer Center-ի գիտնականները, սիլիկոնային իմպլանտները 600 տոկոսով մեծացնում են արթրիտի զարգացման հավանականությունը, 400 տոկոսով՝ մաշկի քաղցկեղի եւ 450 տոկոսով՝ մեռելածնության:

Այս ոլորտում անցկացված խոշորագույն հետազոտություններից մեկի համաձայն, որը հրապարակվել է Annals of Surgery ամսագրում, աղային իմպլանտների համեմատությամբ, սիլիկոնայինները վիրահատությունից հետո 2 անգամ ավելի հաճախ են բարդություններ առաջացնում, այդ թվում՝ իմպլանտի շուրջ սպիացում: Սիլիկոնային իմպլանտ տեղադրելուց հետո երեխայի մահացած ծնվելու հավանականությունը մեծ է 4,5 անգամ, իսկ մելանոմայի զարգացման հավանականությունը՝ 4 անգամ:

Սիլիկոնային իմպլանտները պատրաստված են սիլիկոնից, իսկ աղայինները լցված են ստերիլ աղային լուծույթով: Կանանցից շատերի խոսքով՝ կրծքի սիլիկոնային իմպլանտներն ավելի բնական տեսք ունեն, քան աղայինները: Սակայն արտահոսքի դեպքում էլ սիլիկոնայինն ավելի վտանգավոր է, քան աղային լուծույթի դեպքում է:

Նախկինում գիտնականները շատ էին խոսում իմպլանտների եւ կրծքագեղձի քաղցկեղի փոխկապվածության մասին, բայց այդպես էլ չհաջողվեց այդ կապն ապացուցել: Հիմա, սակայն, գիտնականները հստակ դիտվող կապ են հայտնաբերել իմպլանտների եւ արթրիտի, մաշկի քաղցկեղի ու մեռելածնության միջեւ:

Նրանք վերլուծել են 100 հազար կանանց տվյալները, որոնցից 80 հազարը սիլիկոնային իմպլանտ է ունեցել, իսկ մնացյալը՝ աղային: Առաջին խմբի կանայք խնդիրների եւ բարդությունների ավելի հաճախ են բախվել, քան երկրորդ խմբի կանայք: Մասնավորապես՝ բնական կրծքով կանանց համեմատությամբ նրանց շրջանում ռեւմատոիդ արթրիտի, Շեգրենի համախտանիշի եւ սկլերոդերմիայի զարգացման հավանականությունը միանգամից 6 անգամ բարձր է եղել:

Հետազոտողների խոսքով՝ կանայք պետք է տեղյակ լինեն այն բոլոր հնարավոր բարդություններին եւ խնդիրներին, որոնք նրանց կարող են սպասել, եւ միայն դրանից հետո կարող են ընդունել պլաստիկ վիրահատություն կատարելու տեղեկացված որոշում:



© NEWS.am Medicine