Ասպիրինը կօգնի քաղցկեղի դեմ պայքարում

23:49   21 նոյեմբերի, 2018

Գիտնականները հայտնաբերել են ասպիրինի նոր օգտակար հատկություններ: MedicalXpress, վկայակոչելով Լիդսի համալսարանի մասնագետների հետազոտությունը, հայտնում է, որ ասպիրինը եւ էյկոզապենտանաթթուն կարող են նվազեցնել մարդու աղիներում նախաքաղցկեղային պոլիպների քանակությունը:

Կլինիկական փորձարկմանը մասնակցել է Անգլիայի 53 հիվանդանոցներից 700 հիվանդ: Կամավորներին 4 խմբի են բաժանել: Մեկ տարի առաջին խմբում ընդգրկվածներն ամեն օր ընդունել են 300 մգ ասպիրին, իսկ երկրորդում ընդգրկվածները՝ 2 գրամ էյկոզապենտանաթթու, երրորդ խմբում ընդգրկվածները՝ 2 դեղամիջոցը միասին, չորրորդ՝ պլացեբո:

Կոլոնոսկոպիայի արդյունքում պարզվել է, որ առաջին խմբում նախաքաղցկեղային պոլիպների քանակությունը 22 տոկոսով նվազել է նրանց համեմատությամբ, ովքեր պլացեբո են ընդունել: Երկրորդ խմբում պոլիպների քանակությունը 9 տոկոսով է նվազել, ինչը վիճակագրական կարեւոր արդյունք չի համարվում: Միաժամանակ, փորձարկման այս կարգի մասնակիցների մոտ պոլիպները 25 տոկոսով ավելի քիչ են եղել աղիների ձախ մասում՝ չորրորդ խմբի համեմատությամբ:

Մասնագետները երրորդ խմբում ընդգրկվածների շրջանում հայտնաբերել են ամենահուսադրող արդյունքները: Սակայն, գիտնականների կարծիքով, լրացուցիչ հետազոտություններ են անհրաժեշտ, որ որոշվի նախաքաղցկեղային պոլիպների վրա «ասպիրին եւ էյկոզապենտանաթթու» զույգի ազդեցության սկզբունքը:

 



© NEWS.am Medicine