Իրանում արձանագրվել է մերձարեւելյան կորոնավիրուսի երկու դեպք

12:43   29 մայիսի, 2014

Իրանում առաջին անգամ արձանագրվել է մերձարեւելյան կորոնավիրուսի MERS (Middle East Respiratory Syndrome) երկու դեպք։

Համաձայն իրանական ԶԼՄ-ների, վարակը հայտնաբերվել է երկու կնոջ մոտ Կերման մարզում (երկրի հարավարեւելյան հատվածում)։ Երկու կանայք գտնվում են հիվանդանոցում՝ նրանցից մեկը ծայրահեղ ծանր վիճակում է։ Նրանք, ովքեր շփվել են հիվանդների հետ վերջին շրջանում, նույնպես գտնվում են բժիշկների ուշադրության կենտրոնում։ Թե որտե՞ղ եւ ինչպե՞ս են այս երկու կանայք վարակվել, դեռեւս անհայտ է։

Ընդ որում, Իրանի առողջապահության նախարարությունը մտահոգված է, որ հիվանդությունը կարող է տարածվել, երբ Սաուդյան Արաբիայում գտնվող իրանցի ուխտավորներ հաջից (ուխտագնացություն դեպի Մեքքա եւ նրա շրջակայքում առկա սուրբ  վայրեր) ետ վերադառնան։  Այս առիթով Թեհրանը թագավորություն է ուղարկել մի մեծ բուժանձնակազմ ՝ մահմեդականների սուրբ ամսվա՝ Ռամադանի,  ինչպես նաեւ այս տարի աշնանը ուխտագնացության ժամանակ հիվանդության տարածման իրավիճակը հասկանալու եւ գնահատելու համար։ Բոլոր ուխտագնացները վերադառնալուց հետո անպայման պետք է բուժզննում անցնեն։

Առաջին անգամ կորոնավիրուսը (MERS) հայտնաբերվել է 2012թ-ին սեպտեմբերին Սաուդյան Արաբիայում։ Վիրուսի աղբյուր են հանդիսացել չղջիկները։ Քանի որ վարակի փոխադրող են համարվում ուղտեր-դրոմադերները, այդ պատճառով  հիվանդությունը նաեւ կոչվում է «ուղտերի թոքաբորբ»։

2012թ-ի սեպտեմբերից կորոնավիրուսի դեպքերի լաբորատոր հաստատումները աշխարհում եղել են 572-ը, որոնցից 173-ը մահացու ելքով։

Վարակն արդեն հասել է Մերձավոր Արեւելքի մի շարք պետություններ՝  Միացյալ Արաբական Էմիրություններ, Հորդանան, Քաթար, Օման, Քուվեյթ, Եգիպտոս, Լիբանան, Թունիս եւ Եմեն։ Եվրոպայում կորոնավիրուս արձանագրվել է Գերմանիայում, Ֆրանսիայում, Մեծ Բրիտանիայում, Հոլանդիայում, Իսպանիայում, Հունաստանում եւ Իտալիայում։ Իսկ Ասիայում՝ Մալայզիայում եւ Ֆիլիպիններում: Երեք դեպք արձանագրվել է ԱՄՆ-ում։



© NEWS.am Medicine