Դրոնները կօգնեն արագ տեղափոխել փոխպատվաստման դոնորական օրգանները

14:15   23 նոյեմբերի, 2018

Օրգանների հաջող փոխպատվաստման համար չափազանց կարեւոր է դոնորական օրգանը առավելագույն արագ հասցնել շահառուին: Մերիլենդի Բժշկական կենտրոնի համալսարանի ամերիկացի մասնագետներն առաջարկել են այս խնդրի նոր լուծում. նրանք հետաքրքիր փորձ են կատարել, որի ժամանակ փորձել են դոնորական երիկամը տեղ հասցնել վեցշարժիչանի դրոնով, որին ամրացված էր երկիկամով սառեցնող կոնտեյները:

Կոնտեյները պետք է երիկամը պաշտպաներ դրոնի շարժիչներից արձակվող ջերմությունից: Կոնտեյների մեջ են տեղակայել ջերմաստիճանի, մթնոլորտային ճնշման, բարձրության, վիբրացիայի եւ GPS-ի հաղորդիչներ: Փորձարկման համար վերցրել են երիկամ, որը բժշկական պատճառներով փոխպատվաստմանը չէր համապատասխանում, որպեսզի անհաջողության դեպքում օրգանից չզրկվեն:

Երիկամ տեղափոխող դրոնը թռչել է մոտ 2400 մետր՝ օդում անցկացնելով ժամից ավելի (կատարվել է 14 թռիչք): Այս հեռավորությունը համապատասխանում է մեկ քաղաքի հիվանդանոցների միջեւ տարածությանը:

Ընդ որում՝ երիկամով կոնտեյների ներսում ջերմաստիճանը կայուն է մնացել (Ցելսիուսի 2,5 աստիճան), օդի ճնշումը համապատասխանել է բարձրությանը, իսկ տեղափոխման առավելագույն արագությունը հասել է 67,6 կմ/ժամի: Օրգանի վրա ազդող վիբրացիան ավելի ցածր էր, քան օդանավով տեղափոխելիս: Օրգանի անալիզը վնասման նշաններ չի հայտնաբերել:

Այս ամենը նշանակում է, որ տեղափոխումը հաջող է ընթացել: Բացառված չէ, որ ապագայում դրոններն իսկապես հնարավոր կլինի օգտագործել դոնորական օրգանների տեղափոխման համար. սա կօգնի արագացնել տեղափոխման գործընթացը, նվազեցնել դրա արժեքը, մասնագետներին ազատել ժամանակ տրամադրելուց, որոնք վերգետնյա տեղափոխման ժամանակ ստիպված են օրգանն անձամբ տեղ հասցնել:



© NEWS.am Medicine