19-ամյա Ջեյն Բաթլերը հազվագյուտ նյարդային խանգարման պատճառով, որը միլիոնի դեպքում մեկի մոտ է հանդիպում, զրկված է լիարժեք կյանքով ապրելու հնարավորությունից:
The Daily Mail-ը հաղորդում է, որ աղջիկը տառապում է Կլեյնե-Լեւինի համախտանիշով: Նրան հատուկ են չափից շատ քնկոտության պարբերական դրսեւորումները եւ գիտակցության խանգարումը:
Հիվանդներն օրվա մեծ մասը քնած են, ընդ որում նրանց արթնացնելը շատ դժվար է: Նրանց մոտ նաեւ գիտակցության, կողմնորոշման խախտումներ են նկատվում, ուժերի անկում, ապատիա:
«Քնած գեղեցկուհու» համախտանիշի պատճառով անցյալ տարի Ջեյնը քնած էր մնացել Գոհաբանության եւ Սուրբ Ծննդյան օրը:
Աղջիկը նշում է, որ չնայած անվանը, համախտանիշը հեքիաթի հետ ոչ մի կապ չունի եւ հաճախ ինքը մղձավանջներ է տեսնում: Ընդ որում, ի տարբերություն սովորական մարդկանց, Ջեյնը չի կարող ընդհատել սարսափելի երազը, քանի որ ի վիճակի չէ արթնանալ:
Նման դրվագների ժամանակ, աղջիկը սկսում է աստիճանաբար կորցնել կապն իրականության հետ, տեսողական եւ լսողական տեղեկատվության ընկալման դժվարություններ ունենալ:
Նման խանգարում ունեցող մարդկանց մոտ այդպիսի դրվագները կարող են օրեր, շաբաթներ եւ անգամ ամիսներ տեւել: Ընդ որում շատերը չեն կարողանում ինքնուրույն իրենց մասին հոգ տանել, ի վիճակի չեն դպրոց կամ աշխատանքի գնալ:
Ջեյնը ստիպված է անընդհատ ընդհատել քոլեջում ուսումը: Բացի այդ հիվանդությունը զրկում է նրան պարերին մասնակցելու հնարավորությունից:
Աղջիկը ձգտում է բարձրացնել հասարակության տեղեկացվածությունը Կլեյնե-Լեւինի համախտանիշի մասին: Կարող է տարօրինակ թվալ, բայց երբեմն բժիշկները չեն կարողանում ճիշտ ախտորոշել՝ «Քնած գեղեցկուհու» համախտանիշը շփոթելով երկբեւեռ խանգարման հետ:
«Շատ տխուր է, քանի որ առանց ճիշտ ախտորոշման դու չես կարող անհրաժեշտ օգնություն ստանալ», -նշում է աղջիկը: