Կնոջը մերժում են սրտի փոխպատվաստում կատարել, մինչեւ չհավաքի դեղերի համար անհրաժեշտ 10 հազար դոլարը

13:02   29 նոյեմբերի, 2018

ԱՄՆ Միչիգան նահանգից Հեդդա Մարթինը սրտի փոխպատվաստման վիրահատության կարիք ունի, սակայն հիվանդանոցը հրաժարվել է վիրահատությունն անցկացնել եւ հիվանդին առաջարկել է քրաուդֆանդինգային հարթակում 10 հազար դոլարի դրամահավաք կազմակերպել: Այս գումարն անհրաժեշտ է ոչ թե փոխպատվաստման համար, որը հարյուր հազարավոր դոլար արժե, այլ վիրահատությունից հետո պահանջվող իմունիտետի ճնշման դեղերը գնելու:

Հիվանդանոցի ղեկավարությունը որոշել է, որ եթե կինն այդ դեղերը ձեռք բերելու գումարը չունենա, ապա դոնորական սիրտը չի գործի, ինչը նշանակում է, որ վիրահատությունն անիմաստ կկատարվի:

Հեդդան տառապում է սրտային անբավարարությամբ եւ հերթագրված է սրտի փոխպատվաստման համար, հերթի մեջ է 3 հազար հիվանդ: Անցյալ տարի Հեդդան արդեն փորձել է փոխել սննդակարգը, մեծացնել ֆիզիկական ծանրաբեռնվածության մակարդակը, նա կատարել է սրտի առողջությունը պահպանելու այլ հրահանգներ եւս եւ ընդունել է նշանակված դեղերը: Սակայն Հեդդայի հիվանդությունը սրընթաց զարգանում է, նրան անհնար է բուժել, եւ նրա միակ հույսը սրտի փոխպատվաստումն է:

Հեդդան փորձում է դեղերը գնելու համար անհրաժեշտ 10 հազար դոլարը համացանցում հավաքել: Ճիշտ է, բժիշկները նրան այլընտրանք են առաջարկել՝ ձախ փորոքին օգնելու համար հատուկ սարք տեղադրել, որը կօգնի սրտի առավել ինտենսիվ կծկումներին: Բայց եթե այդ սարքը դնեն, ապա նրան, ամենայն հավանականությամբ, կհանեն սրտի փոխպատվաստման սուր կարիք ունեցողների ցանկից: Իսկ սարքը հազիվ թե նրա կյանքի տեւողությունը բավական երկարացնի կամ որակը լավացնի:

Հեդդայի որդին՝ Ալեքս Բրիթը, համենայնդեպս, էջ է ստեղծել GoFundMe հարթակում: Նրան 4 օրում հաջողվել է արդեն ավելի քան 30 հազար դոլար հավաքել:

Հետագայում եւս կհետեւենք այս պատմության զարգացմանը:



© NEWS.am Medicine