ԵՊԲՀ-ում բժշկության կորիֆեյներ Քրիստափոր Պետրոսյանի եւ Արամ Աբրահամյանի անուններով են կոչվել նոր կրթաթոշակները

18:25   29 նոյեմբերի, 2018

Երեւանի Հերացու անվան պետական բժշկական համալսարանում սահմանվել են երկու նոր անվանական կրթաթոշակներ:

ԵՊԲՀ ռեկտոր Արմեն Մուրադյանը NEWS.am Medicine-ի հետ հարցազրույցում նշեց, որ Քրիստափոր Պետրոսյանի անվան կրթաթոշակը սահմանվել է «Վնասվածքաբանություն եւ օրթոպեդիա» մասնագիտացման գծով, իսկ պրոֆեսոր Արամ Աբրահամյանի անվան կրթաթոշակը՝ «Ուրոլոգիա» մասնագիտացման: «Կրթաթոշակներն, ամենայն հավանականությամբ, կսկսեն գործել 2019 թվականի հունվարից»,- հայտնեց նա:

Նրա խոսքով՝ այս կրթաթոշակները ֆինանսավորելու առաջարկով է հանդես եկել բժիշկ-ուրոլոգ, ՄՊՀ կլինիկայի տնօրեն, ՌԳԱ ակադեմիկոս Արամայիս Կամալովը: «Արդեն ավելի քան 10 տարի նա անձամբ ֆինանսական աջակցություն է ցուցաբերում ԵՊԲՀ տասնյակ ուսանողների: Իմ կարծիքով՝ սա ոչ միայն վեհաձնություն է, այլեւ կարող է օրինակ ծառայել մյուս բժիշկների եւ մեր հայրենակիցների համար»,- շեշտեց Մուրադյանը:

Ե՛վ պրոֆեսոր Պետրոսյանը, ե՛ւ պրոֆեսոր Աբրահամյանը հայտնի բարերարներ էին, որոնք շատերին են անշահախնդիր օգնություն ցույց տվել:

Քրիստափոր Պետրոսյանը մեծ ավանդ է ունեցել Հայաստանում վնասվածքաբանության զարգացման մեջ. նրա ջանքերով 1947 թվականին Երեւանում ստեղծվել է Օրթոպեդիայի եւ վնասվածքաբանության ԳՀԻ-ն, որն այսօր կրում է նրա անունը: Հետաքրքիր փաստ նրա կենսագրությունից. Աշգաբադում աշխատելու ժամանակահատվածում Պետրոսյանը կարողացել է անդամահատումից փրկել Լեւոն Շահումյանի՝ հեղափոխական եւ քաղաքական գործիչ Ստեփան Շահումյանի որդու ոտքը:

Մեծ Հայրենական պատերազմի տարիներին Արամ Աբրահամյանը Հայկական ԽՍՀ-ի Էվակուացիոն հոսպիտալներում առաջատար ուրոլոգ էր աշխատում: Նա ոչ միայն հիանալի բժիշկ էր. 1980-ին նա Հայաստանին որպես նվեր մատուցեց հայտնի ռուս նկարիչների նկարների իր հավաքածուի մեծ մասը: 1984-ին Երեւանում բացվեց Ռուսական արվեստի թանգարանը:

«Արամ Յակովլեւիչը եւ Քրիստափոր Հայրապետովիչը մեծագույն բարերարներ են: Նրանք ոչ միայն ֆինանսապես օգնում էին իրենց աշակերտներին, այլ անհատույց օգնում էին հիվանդներին՝ բուժում էին, դեղեր եւ սննդամթերք գնում:

Ես կարծում եմ՝ դա հիանալի նվեր է ուսանողներին, որոնք պետք է մի փոքր հեռանան կենսական պրակտիցիզմից», - նշեց Մուրադյանը:



© NEWS.am Medicine