Ամերիկացի գիտնականները դեպրեսիայի բուժման նոր մեթոդ են ներկայացրել

16:20   30 նոյեմբերի, 2018

Սան Ֆրանցիսկոյում Քալիֆորնիայի համալսարանի (UCSF) հետազոտողները ներկայացրել են դեպրեսիայի բուժման նոր մեթոդ: Փորձագետների կարծիքով, գլխուղեղի որոշակի հատվածների էլեկտրական խթանումը կարող է բարելավել այն մարդկանց տրամադրությունը, որոնք տառապում են դեպրեսիայից:

Խոսքը ուղեծրաճակատային կեղեւի խթանման մասին է (OFC): Չնայած հետազոտության փոքր ընդգրկվածությանը (դրան մասնակցել է 25 մարդ) գիտնականները ստացված արդյունքները շատ խոստումնալից են անվանում, քանի որ դրանք կարող են նոր հեռանկարներ ստեղծել դեպերսիայի անգամ ամենածանր դեպքերի բուժման ժամանակ:

Բանն այն է, որ դեպրեսիայով հիվանդ մարդկանց գրեթե կեսը՝ մոտ 45 տոկոսը, բուժման նկատմամբ կայուն տրամադրության խանգարումներ ունի: Ոչ կոգնիտիվ հոգեթերապիան, ոչ դեղորայքային թերապիան ի վիճակի չեն տվյալ կատեգորիայի մարդկանց վիճակը լավացնել, ինչը մեծացնում է նրանց ինքնսպանության ռիսկը:

Դեպրեսիա ունեցող մարդկանց գլխուղեղում ակտիվության նվազեցում է նկատվում: Երբեմն Պարկինսոնի հիվանդության բուժման ժամանակ ուղեղի խորը խթանում է կիրառվում:

Անցկացված փորձերի ժամանակ OFC գոտու էլեկտրական խթանումից հետո դեպրեսիայով հիվանդների վիճակի ակնթարթային բարելավում է նկատվել: Մասնակիցները նշել են, որ իրենց ավելի հանգիստ եւ հավաք են զգում: Դրանց մասին է վկայել նաեւ նրանց մարմնի լեզուն. նրանք ուղիղ են նստած եղել, ավելի արագ եւ վստահ են խոսել ու ժպտացել:

OFC գոտու էլեկտրական խթանումն իրականացվել է էլեկտրոդների օգնությամբ, որոնք էլեկտրական իմպուլսներ են ուղարկել ուղեղ: Գիտնականները նշում են, որ OFC-ն կապված է գլխուղեղի մի քանի հատվածների հետ, որոնք մասնակցում են զգացմունքների մշակմանը:

Հետազոտության  արդյունքները հրապարակված են Current Biology ամսագրում:



© NEWS.am Medicine