Ի՞նչ տեղի կունենա օրգանիզմի հետ ժամը 18.00-ից հետո չուտելու դեպքում

21:03   30 նոյեմբերի, 2018

Սննվելու հարցում ամենատարածված սահմանափակումներից մեկը երեկոյան վեցից հետո սննդից հրաժարվելն է։  Մինչդեռ, մասնագետները կարծում են, որ այս անառողջ սովորությունը կարող է շատ անբարենպաստ հետեւանքներ ունենալ օրգանիզմի համար։

NEWS.am Medicine-ի հետ զրույցում դիետոլոգ Հասմիկ Աբովյանը նշել է, որ մարդն, ըստ էության, եթե սոված մնա 12 ժամից ավելի (այսինքն՝ մինչեւ առավոտյան նախաճաշը), ապա դա կարող է բերել ոչ թե քաշի կորստի, այլ հակառակը՝ ճարպակալման։

Բանն այն է, որ կտրուկ սահմանափակող դիետաների, ինչպես նաեւ 18.00-ից հետո սննդից հրաժարվելու դեպքում օրգանիզմում «Պատերազմ-Սով- SOS» գործառույթն է միանում։ Սա նշանակում է, որ օրգանիզմը նվազեցնում է էներգիայի ծախսը, կալորիաներն էլ, փաստացի, դադարում են այրվել հանգստի վիճակում։

Արդյունքում ամեն սննդի կտորը դառնում է ճարպ։ Սրա պատճառն այն է, որ «Պատերազմ-Սով- SOS» վիճակում մարդու հորմոնալ համակարգը սկսում է ուղղվել դեպի լիպոգենեզ (ճարպաթթուների սինթեզման գործընթաց)։

Այլ կերպ ասած, օրգանիզմում սկսվում է ճարպի կուտակման գործընթաց։

«Մի կողմից, երբ մենք քաղցում ենք, արդյունքում իսկապես քաշի կորուստ է նկատվում։ Սակայն սրան անմիջապես հետեւում է քաշի կրկնակի ավելացումը»,-նշում է Աբովյանը։

Առողջության համար անցանկալի հետեւանքներից խուսափելու համար դիետոլոգը խորհուրդ է տալիս նիհարել ցանկացողներին անպայման խորհրդակցել մասնագետի հետ։



© NEWS.am Medicine