Ջրծաղիկի պատճառով 4-ամյա աղջկա մոտ գլխուղեղի կաթված է առաջացել

15:51   1 դեկտեմբերի, 2018

4-ամյա աղջիկը գլխուղեղի կաթվածից հետո նորից սովորում է խոսել եւ քայլել: Կաթվածի պատճառը ջրծաղիկն է:

Բրիտանիայից Սոֆի Ֆուլերը նախորդ ամռանը հիվանդացել էր ջրծաղիկով: Հիվանդությունից մի քանի օր անց նրա մոտ ջղաձգումների նոպա էր սկսվել: Հիվանդանոցում ծնողներին ասել էին, որ երեխայի մոտ ուղեղի կաթված է եղել:

Հյուսիսարեւմտյան համալսարանի Բժշկության դպրոցի մանկաբուժության պրոֆեսոր Թինա Թանը մեկնաբանելով այս դեպքը նշել է, որ սովորական ջրծաղիկը կարող է նյարդային բարդությունների հանգեցնել եւ դրանցից մեկը ուղեղի կաթվածն է. պարզվում է՝ ջրծաղիկը կարող է ախտահարել գլխուղեղի անոթները եւ երեխաների մոտ կաթված առաջացնել:

Բանն այն է, որ ջրծաղիկն առաջացնող վարիցելա-զոսթեր վիրուսը գլխուղեղի խոշոր արյունատար անոթների բորբոքում է առաջացնում: Անոթներում սպիներ են առաջանում, դրանք նեղանում են եւ դրանից կարող է կաթված առաջանալ:

Պրոֆեսորի խոսքով, նման բարդությունների ռիսկը կարող է պահպանվել վարիցելա-զոսթեր վիրուսով առաջին վարակից հետո կես տարվա ընթացքում: 4-ամյա Սոֆիի մոտ, կաթվածից ավելի քան չորս ամիս հետո երկրորդ ուղեղի կաթվածի ռիսկը պահպանվում է: Աղջկան անընդհատ հակակոագուլյանտներ են տալիս եւ նրա ծնողները ստիպված են 24 ժամ վերահսկել աղջկա վիճակը:



© NEWS.am Medicine