ՄԻԱՎ-ով մարդկանցից չի կարելի վախենալ. Հայ աստղերը հետաքրքիր սոցիալական փորձի են մասնակցել

18:46   1 դեկտեմբերի, 2018

Երեւանի սրճարաններից մեկում մատուցողը աղջիկների խմբից պատվեր է ընդունում եւ գնում խոհանոց: Հարեւան սեղանից աղջիկներին է մոտենում մի տղա եւ ցածր ձայնով ասում, որ գիտի այդ մատուցողին եւ տեղյակ է, որ նա ՄԻԱՎ ունի: Ինչպե՞ս կարձագանքեն աղջիկները: Ի՞նչ կանեն: Սա ՅՈՒՆԵՍԿՕ-ի աջակցությամբ կազմակերպված սոցիալական փորձի սյուժեներից մեկն է:

Մատուցողի դերում հայտնի հեռուստահաղորդավար Նարեկ Մարգարյանն է, որին գրիմի շնորհիվ անհնար է ճանաչել: Փորձի նպատակն է՝ պարզել, ինչպես մարդիկ իրենց կպահեն, իմանալով, որ մարդը ՄԻԱՎ վարակ ունի:

Նարեկի հետ սյուժեում աղջիկների դեմքի արտահայտությունը փոխվեց, երբ նրանք իմացան, որ մատուցողը ՄԻԱՎ ունի: Նրանցից մեկն անմիջապես վազեց մենեջերի մոտ՝ խնդրելով իրենց այլ մատուցողի տրամադրել:

Նարեկին այս իրավիճակը շատ տհաճ էր: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նա պատմեց, որ այս սոցիալական փորձից հետո նա մի սարսափելի բան իմացավ. եթե Հայաստանում ինչ-որ մեկն աշխատանքի վայրում իմանա, որ մարդու մոտ ՄԻԱՎ կա, նա առավելագույնը 15 վայրկյան կաշխատի այդ տեղում. հետո պետք է նոր աշխատանք փնտրի: Դա իհարկե բարդ կլինի անել, քանի որ Հայաստանը փոքր երկիր է եւ "բոլորը իրար ճանաչում են":

Սրճարանում նույն տեսարանը մի քանի անգամ խաղացին տարբեր մարդկանց արձագանքները տեսնելու համար:

Նարեկի խոսքով, այս աղջիկների արձագանքն իրականում ամենանորմալն էր: Մեկ ուրիշն, օրինակ, սկսել էր գոռալ մատուցողի վրա եւ նույնիսկ սպառնալ նրան:

«Նա ինձ բառացի ասաց՝ «Ես կգրեմ քո վրա»: Այս արտահայտությունը երեւի Բրեժնեւի ժամանակներից չէր հնչել Հայաստանում… Ես շոկի մեջ էի, երբ լսեցի դա», - խոստովանեց Նարեկ Մարգարյանը:

Մեկ այլ տեսարանում հայտնի արտիստ Գրիշա Աղախանյանը խանութի վաճառող էր: «Բարի կամեցողը», ինչպես եւ նախորդ տեսարանում այցելուներին պատմում է, որ վաճառողը ՄԻԱՎ ունի: Այցելուները միանգամից սկսում են խուսափել նրա հետ հպվելուց եւ առաջին իսկ հնարավորության դեպքում փախչում խանութից:

Գրիշա Աղախանյանը բժշկական կրթություն ունի, այդ պատճառով ավելի քան տեղեկացված է ՄԻԱՎ-ի եւ դրա փոխանցման ճանապարհների մասին: Իսկ բնակչությունն այդ մասին քիչ է տեղեկացված եւ շատերը հավատում են հիմար եւ վտանգավոր միֆերին:

«Ավաղ, մարդիկ սխալ պատկերացում ունեն ՄԻԱՎ-ի մասին, եւ այս փորձն էլ դա է վկայում։ Առաջին իսկ վայրկյաններից ինձնից (ՄԻԱՎ-ով վաճառողի կերպար) սկսեցին վախենալ, ձգտում էին ինձ չհպվել, խուսափում էին ինձնից։ Երբ ես տեսա, թե ինչպես է կանանցից մեկը արագ հեռանում, այլեւս չդիմացա, հանեցի գրիմը, պատմեցի, որ իրականում ես դերասան եմ, բայց եթե նույնիսկ ՄԻԱՎ-ով հիվանդ լինեի, վախենալու ոչինչ չկա, քանի որ ՄԻԱՎ-ը շփման ժամանակ չի փոխանցվում, իսկ ՄԻԱՎ-ով վարակված մարդիկ այնպիսի մարդիկ են, ինչպիսին մենք ենք, եւ նրանցից չի կարելի վախենալ», - NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում պատմեց դերասանը։

Սոցիալական էքսպերիմենտի ակամա մասնակից դարձած մարդկանց արձագանքը հիմնականում նույնն էր՝ մեկն ավելի շատ ագրեսիվ էր, մյուսն՝ ավելի քիչ, աակայն ադեկվատ ռեակցիա չկար։ Այս մասին խոստովանեց «Եղիր տեղեկացված» ՀԿ-ի նախագահ Արուսիկ Մկրտչյանը, ով հայտնի է նաեւ DJ Vakcina անունով եւ նույնպես խաղացել է փորձի սյուժեներից մեկում։

Փորձի մասնակից դերասանների խոսքերով՝ նրանք հուսով են, որ տեսանյութը դիտողները կհասկանան թեկուզ այն, որ ՄԻԱՎ վարակակիրները հանրության համար վտանգավոր չեն, որ ուղղակի շփվելով հնարավոր չէ վարակվել ՄԻԱՎ-ով։

Սոցիալական փորձի մի քանի դրվագներով տեսանյութն առաջին անգամ ցուցադրվեց ՁԻԱՀ-ի դեմ պայքարի համաշխարհային օրվան նվիրված «Կարմիրը կտավին» միջոցառմանը։ Միջոցառման շրջանակներում նկարիչներն ու նկարազարդողները միավորվել էին մեկ գաղափարի շուրջը, այն է՝ արվեստի միջոցով բարձրացնել ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի վերաբերյալ մարդկանց իրազեկվածությունը՝ յուրաքանչյուրն իր նկարում ներկայացրել էր ՄԻԱՎ-ի դեմ պայքարի խորհրդանիշ կարմիր ժապավենի իր տեսլականը:

Նկարիչների աշխատանքների կողքին ցուցահանդեսում կարելի էր տեսնել նաեւ ՄԻԱՎ-ով մի քանի կանանց լուսանկարները, ովքեր պատմել են իրենց պատմությունները։ Կանանց մեծ մասը այլ երկրներից են։ Միակ հայ կինը, ում պատմությունը ներկայացված էր ցուցահանդեսում, թաքցրել էր իր անունն ու դեմքը։



© NEWS.am Medicine