Իսրայելցի արաբներն ու հայկական «կեղծ» դիպլոմները. Մութ պատմության մեջ սպիտակ բծեր կան

18:12   3 դեկտեմբերի, 2018

Հայկական կողմն իսրայելական կողմից ոչ մի պաշտոնական հարցում կամ ուղերձ չի ստացել հայկական կեղծ դիպլոմներով Իսրայելում աշխատող ձերբակալված բժիշկների մասին: Այս մասին NEWS.am Medicine-ի թղթակցի հետ զրույցում ասաց ԿԳՆ Արտաքին կապերի եւ սփյուռքի վարչության պետ Արկադի Պապոյանը:

Պապոյանի խոսքով՝ ԿԳՆ աշխատակիցները կեղծ դիպլոմների շուրջ սկանդալի մասին տեղեկացել են լրատվամիջոցների հրապարակումներից: Այս հրապարակումներն ուսումնասիրելով՝ նրանք նախատեսում են ԱԳՆ միջոցով դիմել Իսրայելից գործընկերներին՝ հասկանալու համար, թե կոնկրետ ինչ է տեղի ունենում, Իսրայելում ձերբակալված բժիշկները ինչ դիպլոմներ են ներկայացրել:

Իսրայելական լրատվամիջոցների հրապարակումների համաձայն՝ դեկտեմբերի 2-ին Իսրայելի ոստիկանությունը ձերբակալել է 40 բժիշկների, ստաժորների եւ դեղագործների՝ հայկական բուհերում ուսումն ավարտելու դիպլոմներով: Քննության տեղեկություններով՝ կասկածյալները, այսպես կոչված, իսրայելցի արաբները իսրայելական բուժհաստատություններում աշխատելու հնարավորություն են ստացել՝ երկրի առողջապահության նախարարությանը ներկայացնելով կեղծ դիպլոմներ, որոնք խարդախ ճանապարհով ստացել են արտասահմանում, այդ թվում՝ Հայաստանում: Նրանց այդ գործում օգնել է միջնորդը («մահեր»), որը նրանց ծանոթացրել է բժշկական բուհերի ներկայացուցիչների հետ, որոնք պարագեւավճարի դիմաց դիպլոմներ են հանձնել: Հայակական բուհերի շարքում նշվել են «Հայբուսակ» համալսարանը, Սուրբ Թերեզայի համալսարանը եւ Ավանդական բժշկության համալսարանը:

Հետաքրքիր է, որ Հայաստանից կեղծ դիպլոմների շուրջ շատ նման մի սկանդալ էլ ծագել էր անցյալ տարի: Հաղորդվում էր, որ հայկական բուհերի մի շարք արտասահմանցի շրջանավարտներ իրենց դիպլոմները ստացել են՝ դրանց համար վճարելով մոտ 10 հազար եվրո, որից հետո աշխատանքի էին ընդունվել իսրայելական բժշկական հաստատություններում:

Ինչպես նշեց Արկադի Պապոյանը, գործընկերների հետ միասին իրենք դեռեւս չեն հասկանում՝ հիմա խոսքն անցյա՞լ տարվա դեպքի մասին է, թե՞ սրանք արդեն հայկական դիպլոմներով ուրիշ շրջանավարտներ են: Նա հույս ունի, որ ամեն ինչ կհստակվի իսրայելական կողմից պաշտոնական տեղեկություններ ստանալուց հետո:

Արկադի Պապոյանը հիշեցրեց, որ անցյալ տարվա սկանդալից հետո Իսրայելի առողջապահության ոլորտի ներկայացուցիչները Հայաստան են այցելել, մի շարք հանդիպումներ ունեցել ե՛ւ առողջապահության նախարարության, ե՛ւ կրթության նախարարության ներկայացուցիչների հետ:

«Այս հանդիպումների արդյունքներով նրանք խոստացել են կեղծ դիպլոմների մասին գործի հետ կապված իրենց եզրակացությունները ներկայացնել, բայց մինչ օրս նրանցից ոչ մի տեղեկություն չենք ստացել»,- նշեց Պապոյանը:

Հոդվածում հիշատակված հայկական բուհերի ներկայացուցիչները պնդում են, որ նրանք ոչ մի դիպլոմ չեն վաճառել:

Սուրբ Թերեզայի անվան համալսարանի ռեկտոր Լարիսա Համբարձումյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ իրենց բուհում Իսրայելից 5 կամ 6 ուսանող է սովորել, սակայն խնդիրն առաջացել է միայն մեկի հետ՝ Ալկրինավի Մոհամմեդ անունով մի երիտասարդի:

«Ռուսական բուհից հետո նա սովորել է մեր համալսարանում, դիպլոմ ստացել: Բանն այն է, որ մեր բուհի դիպլոմը պետական նմուշի չէր, դրա համար նա Իսրայելում չէր կարողացել մասնագիտությամբ աշխատանքի ընդունվել:

Տվյալ անձի հետ կապված, ավելի վաղ իսրայելական կողմից մենք պաշտոնական հարցում էինք ստացել, որին գրավոր պատասխանել էինք:

Սա հին պատմություն է, որի մասին պարբերաբար բարձրաձայնում են: Ինչ վերաբերում է դիպլոմների վաճառքի մասին խոսակցություններին, ապա իրավապահները կարող են ստուգումներ իրականացնել մեր բուհում», - ասաց ռեկտորը:

Իսկ Ավանդական բժշկության համալսարանում 27 տարվա աշխատանքի ընթացքում Իսրայելից ոչ մի ուսանող չի եղել, դրա համար հասկանալի չէ, ինչպես է այս համալսարանը հայտնվել դիպլոմներ վաճառողների ցանկում:

Ռեկտոր Նորիկ Սարիբեկյանը NEWS.am Medicine-ի հետ զրույցում նշեց, որ համալսարանն արտասահմանցի ուսանողներր հետ աշխատում է անցյալ տարվանից, եւ այժմ իրենց մոտ եվրոպական երկրներից 24 ուսանող է սովորում:

«Մենք նախկինում էլ, հիմա էլ Իսրայելից ուսանողներ չենք ունեցել»,- ընդգծեց ռեկտորը:

Նրա խոսքով՝ Ավանդական բժշկության համալսարանը պատահական է հայտնվել ցուցակում կամ չարամտորեն:

«Բացառված չէ, որ այս ամենի հետեւում կարող է ինչ-որ պատվիրատու լինել, որը ցանկանում է մեզ որակազրկել»,- ասաց ռեկտորը:

NEWS.am Medicine-ին դեռ չի հաջողվել կապ հաստատել «Հայբուսակ» համալսարանի ղեկավարության հետ:



© NEWS.am Medicine