Կինը մասնակի կուրացել է կոնտակտային լինզաներով ցնցուղ ընդունելու պատճառով

19:21   4 դեկտեմբերի, 2018

Բժիշկները չեն հոգնում կրկնել կոնտակտային լինզաներով լողանալու վտանգավորության մասին, սակայն շատերը, ինչպես նախկինում, նրանց խորհուրդները չեն լսում: Առողջության նկատմամբ անուշադիր վերաբերմունքի հերթական զոհն է դարձել Բելգիայից Պետրա վան Քալմտուտը, որը որոշել է ցնցուղ ընդունել նախապես կոնտակտային լինզաները չհանելով:

The Daily Mail-ը հայտնում է, որ այս չմտածված արարքի հետեւանքները առավել քան լուրջ են եղել. Պետրայի աչքերը կարմրել են, հայտնվել են հիվանդագին զգացողություններ: Կինը միայն մի քանի օր հետո է դիմել բժշկի օգնությանը: Պարզվել է, որ աչքի եղջերաթաղանթի մեջ Acanthamoeba տեսակի ամեոբայի հայտնվելու պատճառով նրա մոտ զարգացել է ականթամեոբային կերատիտ:

Կաթիլներով բուժելու համար արդեն ուշ էր: Մակաբույծներին հեռացրել են վիրաբուժական ճանապարհով, եւ Պետրան ստիպված է 3 տարի շարունակ աչքի սպեղանի կրել:

Ընդ որում՝ նրան բժիշկները զգուշացրել են, որ մնացյալ ամբողջ կյանքում տեսողության մասնակի կորուստ կունենա:

Բժիշկները խորհուրդ են տալիս փափուկ կոնտակտային լինզաներով չլողալ եւ ցնցուղ չընդունել, քանի որ լինզայի եւ աչքի միջեւ տարածությունում կարող է ամեոբա հայտնվել: Եթե անուշադրության պատճառով, այնուամենայնիվ, մոռացել եք հանել, ապա լողալուց հետո այն պետք է անմիջապես դեն նետել: Կոշտ լինզաներն այս իմաստով պակաս վտանգավոր են, քանի որ ջուրը հետ են հրում:

Կոնտակտային լինզաները պետք է մաքրել հատուկ մաքրող լուծույթով, այլ ոչ թե հոսող ջրով, որը նույնպես կարող է ամեոբայով վարակվելու աղբյուր դառնալ:

 Source: The Daily Mail

Photo: CEN



© NEWS.am Medicine