Հասկին իր տիրուհու մոտ 3 անգամ քաղցկեղ է հայտնաբերել եւ նրա կյանքը փրկել

12:01   5 դեկտեմբերի, 2018

ԱՄՆ-ից 52-ամյա Սթեֆանի Հերֆելն իր կյանքի համար պարտական է Սիերա անունով սիբիրական հասկի ցեղատեսակի շանը: Հենց Սիերան է 3 անգամ տիրուհու մոտ ձվարանների քաղցկեղ հայտնաբերել:

Առաջին անգամ դա տեղի է ունեցել 2013 թվականին: Սիերան հոտոտել է տիրուհու փորը եւ անհանգստության նշաններ արտահայտել, այնուհետեւ թաքնվել է զուգարանի անկյունում:

«Նա քիթը դրեց փորիցս ներքեւ եւ այնքան ուժգին հոտոտեց, որ ինձ թվաց, թե հագուստիս ինչ-որ բան եմ թափել: Հետո նա այդ տեղը սկսեց հոտոտել երկրորդ եւ երրորդ անգամ: Երրորդ անգամից հետո Սիերան փախավ ու թաքնվեց»,- պատմել է շան տիրուհին:

Սթեֆանին բժշկի է այցելել, եւ ախտորոշվել է 3-րդ փուլում գտնվող ձվարանների քաղցկեղ: Հետաքրքիր է, որ նա մինչ այդ այցելել էր գինեկոլոգին՝ գանգատվելով փորի ստորին հատվածի ցավերից, բայց բժիշկն ասել էր, որ նա ուղղակի կիստա ունի, եւ նրան ցավազրկող էր նշանակել:

Բուժումից հետո քաղցկեղը 2 անգամ կրկնվել է, եւ Սիերան ամեն անգամ անհանգստություն է դրսեւորել, որոնք տիրուհուն ստիպել են ախտորոշման ենթարկվել: Շունը նույն կերպ է արձագանքել նաեւ տիրուհու ընկերոջ դեպքում, որի մոտ հետո նույնպես քաղցկեղ է ախտորոշվել:

Քաղցկեղը հայտնաբերելու շների ունակության մասին առաջին զեկույցը հրապարակվել է դեռեւս 1989 թվականին, երբ շունը անհանգստություն է դրսեւորել կնոջ ազդրի ախտահարված հատվածը հոտոտելուց հետո: Բժշկական հետազոտությունից հետո այս կնոջ մոտ մելանոմա էր ախտորոշվել:

Ենթադրվում է, որ քաղցկեղային բջիջները որոշակի հոտ ունեն, բայց չափից ավելի թույլ, եւ մարդու հոտոտելիքը չի կարող այն զգալ: Երկար տարիներ շարունակ տարբեր փորձեր են անցկացվել, որոնց ժամանակ կենսաբանական նմուշները դնում էին շների առաջ, որպեսզի ստուգեին՝ նրանք արդյոք կարող են ընտրել չարորակ նմուշը:

Լաբոատոր պայմաններում հուսադրող արդյունքներ են ստացվել, այդուհանդերձ որոշակի խնդիրներ են ծագում, երբ փորձում են շների ունակությունները ստուգել իրական վիճակներում: Երբ շունը հոտոտում է եւ քաղցկեղային բջիջներ պարունակող նմուշը ճիշտ որոշում, նրան ինչ-որ բանով պագեւատրում են՝ անհրաժեշտ հմտություն մշակելու եւ ամրապնդելու համար: Սակայն իրականում ահնար է անմիջապես իմանալ՝ շունն արդյոք կոնկրետ հիվանդի մոտ քաղցկեղը ճի՞շտ է նույնականացրել:

Դեպքեր են հայտնի, երբ շներն իսկապես մարդկանց մոտ քաղցկեղը հայտնաբերել են, սակայն պետք է հասկանալ, որ նրանք մեքենա չեն եւ կարող են սխալվել:



© NEWS.am Medicine