Լուցկու չափի իմպլանտը կօգնի Պարկինսոնի հիվանդության բուժմանը (տեսանյութ)

09:26   7 դեկտեմբերի, 2018

«Ստենտրոդը» լուցկու չափի եւ 4 մմ տրամագծով իմպլանտ է, որը կօգնի ծանր նեւրոլոգիական հիվանդություններով տառապող հիվանդների բուժմանը:

Վիրաբուժական միջամտություններ, իսկ հատկապես գանգի տրեպանացիա չի պահանջվի, քանի որ իմպլանտն արյունատար անոթ է մտցվում պարանոցի վրա արված փոքրիկ կտրվածքով: Իմպլանտի հետագիծը  վիրաբույժը կառավարում է անգիոգրաֆիայի միջոցով:

Գիտնականների միջազգային խումբը 2012 թվականից աշխատում է «ստենտրոդի» ստեղծման վրա: Այն պատրաստելու համար օգտագործվել է նիտինոլ (տիտանի եւ նիկելի համաձուլվածք), ինչը նրան ամրություն, ինչպես նաեւ բավականաչափ առաձգականություն է հաղորդում: Իմպլանտի աշխատանքի սկզբունքը հետեւյալն է՝ «ստենտրոդը» արյունատար անոթի միջոցով ուղեղին էլեկտրական ազդանշաններ է փոխանցում:

Մինչեւ հիմա էլեկտրախթանիչի տեղադրումը պահանջում էր գլխուղեղի բաց վիրահատություն: Իսկ հիմա այս վիրաբուժական միջամտության անհրաժեշտությունը չկա:

Գիտնականների կարծիքով՝ «ստենտրոդը» կարելի է կիրառել էպիլեպսիայի, դեպրեսիայի եւ Պարկինսոնի հիվանդության ախտանշանները մեղմելու համար, ինչպես նաեւ ուղեղի եւ կիբեռնետիկական պրոթեզի միջեւ կապ հաստատելու համար:

Նոր իմպլանտն արդեն կենդանիների վրա հաջող փորձարկումներ է անցել:

Հետազոտությունը հրապարակվել է Nature Biomedical Engineering ամսագրում:



© NEWS.am Medicine