Պսեւդոգիտությունը չպետք է հաղթի գիտությանը. հայտնի իմունաբանը պատմել է, թե ինչու  չի կարելի պատվաստումներից հրաժարվել

20:21   6 դեկտեմբերի, 2018

Ընդամենը մի քանի տասնամյակ առաջ շատ երեխաներ մահանում էին պոլիոմելիտից եւ այլ վարակիչ հիվանդություններից: Այսօր նրանք պատվաստումների շնորհիվ կարողանում են ապրել: Հազվագյուտ դեպքերում պատվաստումներն իրոք կարող են կողմնակի ազդեցություններ ունենալ՝ սովորաբար ոչ լուրջ, բայց առանց ծանրակշիռ պատճառների չի կարելի հրաժարվել պատվաստումներից: NEWS.am Medicine-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց հայտնի իմունաբան Նիմա Ռեզային:

«Ես որպես իմունաբան կողմ եմ պատվաստումներին: Այսօր աշխարհում ուժեղ հակապատվաստումային շարժում է. եւ դա, ըստ իս, շատ վատ է: Մենք պետք է հասկանանք, որ 50 տարի առաջ շատ երեխաներ մահանում էին պոլիոմելիտից, տուբերկուլյոզից, այլ ինֆեկցիոն հիվանդություններից, իսկ հիմա նման մահերը շատ հազվադեպ են լինում», - ասաց մասնագետը:

Նրա խոսքով, պատվաստանյութը մարզում է իմունային համակարգը, նրան սովորեցնում պայքարել ինֆեկցիայի դեմ: Պատվաստանյութի շնորհիվ իմունիտետը, հանդիպելով հիվանդության հարուցիչի հետ, արդեն գիտի ինչպես այն հաղթահարի:

Պատվաստանյութերը չեն կարող լինել «չարիք», ինչպես դա փորձում են ներկայացնել հակապատվաստումային շարժման կողմնակիցները:

«Հակապատվաստումային արշավները առաջնորդվում են պսեւդոգիտությամբ, այլ ոչ թե իսկական գիտությամբ: Պսեւդոգիտությունը չպետք է հաղթի գիտությանը», - նշեց Ռեզային:

Նիմա Ռեզային աշխարհում առաջնային իմունոդեֆիցիտի ամենահայտնի մասնագետներից մեկն է։ Նա հայտնի է այս ոլորտում իր բազմաթիվ հետազոտությունների եւ գիտական աշխատանքների շնորհիվ։ Ռեզային Universal Scientific Education and Research Network (USERN) գիտական ցանցի, ինչպես նաեւ Առաջնային իմունոդեֆիցիտի իրանական ռեեստրի (Iranian Primary Immunodeficiency Diseases Registry (IPIDR)) ստեղծողն է։ Նա ավելի քան 500 գիտական հրատարակումների, այդ թվում Avicenna Festival-ի մրցանակների արժանացած 5 գրքերի հեղինակ է։ Ռեզայիիի գիտական գործունեությանն ավելի մանրամասն կարելի է ծանոթանալ հետեւյալ հղումով՝ https://usern.tums.ac.ir/User/CV/rezaei_nima?fbclid=IwAR1roNrBAtmgO4fNcL8QjoBhOCE9D5qXOQBc3sJg25wwp7fYj9kJWzJkNoI



© NEWS.am Medicine