Ի՞նչ է տեղի ունենում Lego-ի մասեր կուլ տալուց հետո

14:09   10 դեկտեմբերի, 2018

Երբեւէ մտածե՞լ եք, թե որքան ժամանակ է պահանջվում, որպեսզի կուլ տված Lego-ի մասը մարդու օրգանիզմից դուրս գա կղանքի հետ: Սա որոշել են պարզել գիտնականները:

Նոր՝ «Ամեն ինչ հրաշալի է. մի՛ մոռացեք Lego-ի մասին» հետազոտության մեջ, որի արդյունքները հրապարակվել են Pediatrics and Child Health ամսագրում, մանկաբույժների համացանցային խմբից 6 մեծահասակ կամավորներ կուլ են տվել Lego խաղալիքների գլխիկներ, այնուհետեւ օրագիր են վարել՝ իրենց կղանքը նկարագրելով ինչպես մասերը կուլ տալուց առաջ, այնպես էլ հետո: Նրանք, մասնավորապես, գրանցել են կղանքի հաճախակիություն, ինչպես նաեւ խտություն՝ ըստ կղանքի խտության եւ անցնելու սանդղակի (Stool Hardness and Transit score):

Յուրաքանչյուր կամավոր խաղալիքի մասերը կուլ տալուց հետո պետք է մանրամասնորեն հետազոտեր իր արտաթորանքը՝ որոշելու համար, թե խաղալիքը «դուրս է եկել» արդյոք:

Փորձը ցույց է տվել, որ կամավորների մոտ խաղալիքի անցնելու ժամանակը տատանվել է 1,14-ից մինչեւ 3,04 օր: Խաղալիքը միջինում դուրս է եկել 1,71 օր կամ 41 ժամ հետո: Սակայն կամավորներից մեկին այդպես էլ չի հաջողվել հետագայում խաղալիքը հայտնաբերել արտաթորանքի մեջ:

Հետազոտողները նշել են, որ սա համեմատաբար փոքր հետազոտություն է, որին մասնակցել են միայն մեծահասակները: Նրանք նշել են, որ տարբեր ձեւերի խաղալիքների անցնելու համար կարող է պահանջվել նաեւ տարբեր ժամանակ:

Գիտնականների խոսքով՝ ծնողներն, այնուամնեայնիվ, չպետք է անհանգստանան, եթե երեխան պատահաբար խաղալիքի փոքրիկ մաս է կուլ տվել. այն ավելի շուտ երեխայի օրգանզմից կղանքի հետ դուրս կգա մի քանի օրից:



© NEWS.am Medicine