Գիտնականները բացահայտել են ալերգիկ ասթմայի արգելափակման գաղտնիքը

19:20   13 դեկտեմբերի, 2018

Ռուս գիտնականները բացահայտել են ալերգիկ ասթմայի զարգացման եւ արգելափակման մեխանիզմը։

Ռուսաստանի գիտական հիմնադրամի մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի Մոլեկուլյար կենսաբանության ինստիտուտի գիտնականներն ուսումնասիրել են ասթմայի տեսակներից մեկը, որը կապված է փոշու հանդեպ ալերգիայի հետ։ Փորձերը կատարվել են տրանսգենային մկների հետ, որոնց ինտերլեյկինների արտադրության համար պատասխանատու գեները որոշ իմունային մարմիններում կարելի էր անջատել։

Արգելափակելով այդ գեները՝ գիտնականները ուսումնասիրել են փոշու հանդեպ մկների ռեակցիան եւ նրանց իմունիտետի աշխատանքում փոփոխությունները։ Ուշադրության կենտրոնում եղել է ինտերլեյկին-6 մոլեկուլը, որը մեծ քանակով առկա է ասթմայով հիվանդների օրգանիզմում։

Ինտերլեյկին-6-ի արտադրության դամար պատասխանատու գենի «անջատումը» փոշու ազդեցության հանդեպ մկներին անխոցելի է դարձրել։ Բացի այդ, ագրեսիվ իմունային բջիջների թիվը թոքերում նվազել է 1,5-2 անգամ, իսկ դրանց որոշ տեսակներ բոլորովին անհետացել են։

Հետեւելով ինտերլեյկին-6-ի հետ կապված այլ գեների աշխատանքում փոփոխություններին՝ գիտնականներին հաջողվել է բացահայտել եւ ուսումնասիրել ասթմայի եւ ալերգիայի համար պատասխանատու բջիջների իմունային ռեակցիաների եւ փոխազդեցությունների ողջ շղթան

Մկների հետ կատարված հետագա փորձերը ցույց են տվել, որ ինտերլեյիկին-6-ի արգելափակումը կարող է ճնշել ասթմայի միանգամից մի քանի ենթատեսակների, որոնց թվում այդ հիվանդության ամենածանր տարբերակների զարգացումը։ Սրա հետ կապված՝ գիտնականները հուսով են, որ իրենց բացահայտումը կարող է օգնել նոր սերնդի դեղամիջոցներ ստեղծելու հարցում։

Ուսումնասիրության արդյունքները հրապարակվել են Frontiers in Immunology ամսագրում։

 



© NEWS.am Medicine