Մարդու աչքերով կարելի հասկանալ՝ նա արդյոք սթրե՞ս է ապրում

10:57   14 դեկտեմբերի, 2018

Մարդու աչքերին ուղղակի նայելով՝ կարելի է հասկանալ, թե նա արդյոք սթրեսի վիճակո՞ւմ է գտնվում: Երբ մարդը կենտրոնացած է բազմաթիվ խնդիրների վրա, բախվում է անսպասելի փոփոխությունների եւ դրանց հետեւանքով սթրես է ապրում, նրա աչքերի բբերի չափը փոխվում է, պնդում են Միսսուրիի համալսարանի գիտնականները:

Նրանց խոսքով՝ իրենց հայտնագործությունը թույլ կտա մարդու վիճակի գնահատման համարժեք համակարգ մշակել:

Փորձի շրջանակում հատուկ համակարգը հետեւել է կամավորների աչքերին: Այս ընթացքում կամավորները գտնվել են ֆաբրիկայի սիմուլյատորում, որտեղ պահանջվում էր հետեւել երկու մոնիտորներին, երբ մշտապես տեղի էր ունենում ինչ-որ անկանխատեսելի բան (օրինակ՝ միանում էր ազդանշանային համակարգը):

Պարզվել է, որ պարզ խնդիրները կատարելիս աչքերի շարժումները կանխատեսելի են եղել, բայց դրանք ավելի քաոսային էին դառնում անսպասելի փոփոխությունների ֆոնին: Գիտնականները նաեւ օգտագործել են NASA-ի տվյալները, որոնք վկայում են, որ սթրեսին ի պատասխան տիեզերագնացների բբերի չափը փոխվում է:



© NEWS.am Medicine