Ալկոհոլիզմի եւ բռնության արմատները տանում են դեպի մանկություն

15:50   18 դեկտեմբերի, 2018

Գիտնականները պարզել են, թե անձի որ տեսակն է հարբած վիճակում հակված բռնության դրսեւորմանը: Բրիտանացի գիտնականների հետազոտության համաձայն՝ բռնության հակվածությունն առավել արտահայտված է բացասական մանկական փորձ (ԲՄՓ)ունեցող անձանց մոտ:

Վերլուծելով 2012-2015 թվականներին Ուելսում եւ Անգլիայում անցկացված 4 հետազոտությունների տվյալները, գիտնականները պարզել են, որ առանց ԲՄՓ-ի ալկոհոլ չափավոր օգտագործող կամ ալկոհոլ չօգտագործող տղամարդկանց միայն 1,3 տոկոսն է տարվա ընթացքում բռնություն կիրառել: Հաճախակի ալկոհոլ օգտագործողների մոտ այս ցուցանիշը աճել է մինչեւ 3,6 տոկոս, իսկ ալկոհոլի նկատմամբ մեծ հակվածության եւ ԲՄՓ-ի բարձր մակարդակի հետ մեկտեղ այն հասել է 28,3 տոկոսի:

BMJ Open-ը հաղորդում է, որ ԲՄՓ-ի եւ ծեծելու միջեւ կապը բոլոր տարիքի մարդկանց մոտ է հանդիպում: Սակայն այն առավել վառ է արտահայտված 18-29 տարեկան տղամարդկանց մոտ. նրանց 62 տոկոսը տարվա ընթացքում ինչ-որ մեկի հարվածել է: Մինչդեռ առանց ԲՄՓ-ի անձանց մոտ, որոնք նույնպես ալկոհոլի մեծ հակվածություն ունեն, այդ ցուցանիշը կազմել է 13,5 տոկոս:

 Տվյալ ցուցակում են նաեւ կանայք. 18-29 տարեկան թույլ սեռի ներկայացուցիչների 24,1 տոկոսը, որոնք ալկոհոլից կախվածություն ունեն եւ ԲՄՓ բարձր մակարդակ, հարվածել են որեւէ մեկի:

Ընդ որում տարվա ընթացքում բռնությունից տուժել է առանց ԲՄՓ-ի ալկոհոլ չափավոր օգտագործող կամ ալկոհոլ չօգտագործող կանանց 0,8 տոկոսը, մինչդեռ բարձր ԲՄՓ-ի եւ հաճախակի օգտագործման դեպքում՝ 13 տոկոսը:

Տղամարդկանց մոտ տվյալ ցուցանիշը կազմել է 1,9 տոկոս եւ 32 տոկոս համապատասխանաբար:

Գիտնականները նշում են, որ այն կանայք, որոնք բացասական մանկական փորձ ունեին, ընտանիքում բռնությունը կարող են օրինաչափություն համարել: Այդ պատճառով նրանք, չնայած ֆիզիզկական բռնությանը, շարունակում են հարաբերությունները՝ ալկոհոլը որպես գոյատեւման մեխանիզմ օգտագործելով:



© NEWS.am Medicine