Ինչո՞ւ է օրգանիզմում մագնիումի մակարդակն այդքան կարեւոր

14:43   19 դեկտեմբերի, 2018

Օրգանիզմում մագնիումի նորմալ մակարդակն օգնում է օպտիմալացնել D վիտամինի մակարդակը. այս վիտամինի ցածր մակարդակի դեպքում օրգանիզմը սկսում է այն ակտիվորեն արտադրել, իսկ բարձր դեպքում՝ նվազեցնել: Այսպիսի եզրակացություն են կատարել Vanderbilt-Ingram Cancer Centre-ից գիտնականները՝ վերլուծելով 40-ից մինչեւ 85 տարեկան 180 կամավորների առողջական վիճակը:

Գաղտնիք չէ, որ տարբեր մարդկանց մոտ D վիտամինը տարբեր ծավալով է սինթեզվում: Որոշ դեպքերում դեֆիցիտից չեն փրկում անգամ վիտամինի ներարկվող բարձր չափաքանակները: Նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այս վիտամինի մակարդակը կարող է կարգավորել մագնիումը:

Գիտնականների խոսքով՝ մագնիումի դեֆիցիտի ֆոնին ճնշվում են D վիտամինի սինթեզի ուղիներն ու մետաբոլիզմը: Ուստի հաշվեկշռի պահպանման համար անհրաժեշտ է պահպանել մագնիումի օրական գործածման նորման: Մինչեւ 30 տարեկան տղամարդկանց համար այն կազմում է 400 միլիգրամ, 30-ից հետո՝ 420 միլիգրամ: Կանանց համար կազմում է համապատասխանաբր՝ 310 եւ 320 միլիգրամ (հղիների համար զգալիորեն ավելի շատ):

Բացի մագնիում պարունակող սննդային հավելումներից եւ կոմպլեքս վիտամիններից, այս նյութը կարելի է ստանալ նաեւ սննդամթերքի հետ՝ մագնիում են պարունակում լոբազգիները, հատիկավորները, սեւ շոկոլադը, սաղմոնի նման յուղոտ ձուկը, ընկուզեղենը եւ ավոկադոն:



© NEWS.am Medicine