Հազվագյուտ հիվանդության պատճառով 11-ամյա տղայի մարմինը պատված է հսկայական խալերով (ֆոտո)

13:40   19 դեկտեմբերի, 2018

Հազվագյուտ հիվանդության պատճառով 11-ամյա տղայի մարմինը պատված է հսկայական խալերով:

Ալյասկայից Լուկաս Սթարը տառապում է բնածին հսկայական մելանոցիտար մազածածկ նեւուսից (GCMN): Մելանոցիտար նեւուսները նախորդում են մելանոմային: Անկախ սեռից դրանք առաջանում են նորածինների գրեթե 1 տոկոսի մոտ: Երեխայի աճին զուգընթաց այդ հատվածները հակված են մգանալ եւ հաստանալ, խալերում մազերի աճը նկատվում է 95 տոկոս դեպքերում: Հսկայական նեւուսները (ավելի քան 20սմ տրամագծով) 6-10 տոկոս դեպքերում փոխակերպվում են մելանոմայի: GCMN-ը Լուկասի մոտ հիդրոցեֆալիի (գլխուղեղի ջրգողություն) զարգացման պատճառ էր դարձել, ինչպես նաեւ նեյրոմաշկային մելանոզի, որն էլ դարձել է ուղեղի ուռուցքի առաջացման պատճառ:

Առողջական ծանր խնդիրների պատճառով, տղան արդեն 30 վիրահատություն  է տարել: Բացի այդ, հիդրոցեֆալիի պատճառով, նա ստիպված է ամեն 3-6 ամիսը մեկ հիվանդանոցում բուժզննություն անցնել:

Չնայած դպրոցում ծաղրանքներին եւ անցորդների տարօրինակ հայացքներին՝ Լուկասը երազում է պրոֆեսիոնալ մրցարշավորդ դառնալ:

Երեխայի ծնողները նշում են տղայի կամքի եւ ցանկացած խոչընդոտ հաղթահարելու նրա պատրաստակամության մասին:

«Մենք հպարտանում ենք նրանով», - ընդգծել է նրա հայրը՝ Դեւոն Սթարը:

Source: The Daily Mail

Photos: Adam Gray/Barcroft Images



© NEWS.am Medicine