Խոստումնալից դեղ է գտնվել է Սթիվեն Հոքինգի հիվանդության դեմ

11:58   20 դեկտեմբերի, 2018

University of Alberta համալսարանի (Կանադա) գիտնականները դեղամիջոց են գտել, որը զգալիորեն դանդաղեցնում է կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի զարգացումը՝ նեյրոդեգեներատիվ հիվանդություն, որով տառապում էր աշխարհահռչակ տեսաբան-ֆիզիկոս Սթիվեն Հոքինգը:

Այս դեղամիջոցն իսկապես խոստումնալից է. ներկա պահին գոյություն ունեցող մեթոդները հիվանդության պրոգրեսը կասեցնում են ընդամենը մի քանի ամսով, որից հետո հիվանդությունը հիվանդներին արագ սպանում է: Նոր դեղամիջոցը կարող է հնարավորություն տալ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզով շատ ու շատ հիվանդների:

Տելբիվուդին կոչվող դեղամիջոցն ազդում է SOD1 ֆերմենտի վրա, որը սխալ է գործում ամիոտրոֆիկ սկլերոզի ժառանգական ձեւով տառապող հիվանդների 20 տոկոսի մոտ: SOD1-ը (սուպերօքսիդդիսմուտազա-1) մասնակցում է թթվածնի ակտիվ ձեւերից մեկի՝ սուպերօքսիդ-անիոնների վնասազերծմանը: Արատավոր ֆերմենտը տոքսիկ հատկություններ ունի՝ վնասելով շարժողական նեյրոնները:

Տելբիվուդինն արդեն օգտագործվում է որպես В հեպատիտի դեմ պայքարի հակավիրուսային միջոց: Հիվանդների համար այս դեղամիջոցի անվտանգությունն արդեն ապացուցվել է, ուստի առավել քան հավանական է, որ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզի բուժման մեջ կիրառելու հավանություն կստանա:

Հիշեցնենք, որ կողմնային ամիոտրոֆիկ սկլերոզն անբուժելի նեյրոդեգեներատիվ հիվանդություն է, որի դեպքում ախտահարվում են գլխուղեղի շարժողական կեղեւի եւ շարժողական նեյրոնների նյարդային բջիջները: Արդյունքում առաջանում է կաթված եւ զարգանում է մկանների ատրոֆիա: Մահը վրա է հասնում շնչուղիների ինֆեկցիայի կամ շնչառական մկանների չգործելու հետեւանքով:



© NEWS.am Medicine