23:31 31 մայիսի, 2014Մենք բոլորս էլ գիտեք սոլյարիների վնասակարության մասին, եւ թե ինչքանով են դրանք մեծացնում մաշկի քաղցկեղի առաջացման վտանգը։ Ապա հարց է առաջանում, իսկ մատնահարդարման սրահում մեր նոր հարդարված եղունգները ուլտրամանուշակագույն լամպի տակ չորացնելը վնասակար չէ՞։
Ուլտրամանուշակագույն ճառագայթները խորը ներթափանցում են մեր մաշկի մեջ։ Նրանք վնասում են մեր մաշկը ձեւավորող կառուցվածքային հիմնական բլոկը՝ կոլլագենը, եւ էլաստինը, որը օգնում է մեզ ավելի երիտասարդ տեսք ունենալ։
Բայց կան նաեւ լավ նորություններ նման սրահների հաճախողների համար. նոր հետազոտությունը ցույց է տվել, որ սրահներում ուլտրամանուշակագույն լամպերի՝ մեր առողջությանը հասցրած վնասը աննշան է։
Ամերիկացի հետազոտողները ստուգել են 16 սրահների 17 լուսավորման սարք։ Սրահները տարբեր տեսակի լամպեր են օգտագործում, որոնք տարբեր ինտենսիվության ՈւՄ ճառագայթներ են հաղորդում։
Եթե հաճախորդները միայն եղունգների լաքն են չորացնում, ապա որպես կանոն, նրանք այդքան էլ երկար ժամանակ չեն ենթարկվում ՈւՄ ճառագայթների ազդեցությանը։ Հետազոտողները նշել են, որ միայն հաճախակի այցելությունները կարող են վնասակար ազդեցություն ունենալ մաշկի վրա։
«Բայց եթե ամեն շաբաթ գնում եք մատնահարդարման սրահ եւ ամենաքիչը 10 րոպե ձեռքերը պահում եք լամպի տակ, ապա սա մտածելու տեղիք է տալիս»,-ասել է Քլիվլենդի կլինիկայի մաշկաբան Մելիսա Փիլիանգը, ով հետազոտությանը չի մասնակցել։ «Իսկ եթե Դուք տարեկան մի քանի անգամ եք գնում նման սրահներ, ապա ամեն ինչ կարգին է. վտնագը շատ-շատ աննշան է»։
Հետազոտողները խորհուրդ են տալիս մատնահարդարման սրահների հաճախորդներին այցելություններից առաջ արեւապաշտպան կրեմ քսել կամ կրել հատուկ ձեռնոցներ՝ մաշկի վաղաժամ ծերացումը կանխելու համար։ Դոկտոր Փիլիանգը խորհուրդ է տալիս վերցնել արեւապաշտպան քսուկը Ձեզ հետ եւ խնդրել մատնահարդարին, որ մանիկյուր անելուց առաջ օգտագործի այդ քսուկը։ Այս պարագայում Դուք արդեն պաշտպանված կլինեք ուլտրամանուշակագույն ճառագայթներից։