19:02 1 հունիսի, 2014Մարդու համար ամենադժվարը որոշում ընդունելու գործընթացն է, այդ թվում՝ նիհարելու որոշում։ Այդ պահին դու պետք է հստակ գիտակցես, թե դու ինչից ես զրկելու քեզ եւ հանուն ինչի։ Կարեւոր է նաեւ, թե ինչպես են դրան վերաբերում քեզ շրջապատող մարդիկ։ Չէ՞ որ հենց ամենամտերիմ մարդիկ կարող են լուրջ խոչընդոտ հանդիսանալ նպատակներին հասնելու ճանապարհին։
Մեր ընտանիքում ստացվեց հետեւյալ պատկերը. երկու տղաներին, կարծես թե, միեւնույնն է, թե ինչպիսի տեսք ունի իրենց մայրիկը, քանի որ մայրն իր տղաների համար միշտ շատ լավն է, բայց եթե նա այդպես է ցանկանում, թող այդպես էլ լինի։ Ամուսինս աջակցեց այս նախաձեռնությանը եւ անգամ իր ուսերին վերցրեց իր եւ տղաների համար ուտելիք պարտրաստելը. ի դեպ, մի մեծ օգնություն։ Իսկ ամենից շատ ինձ խրախուսում են իմ գործընկերները, իսկ ահա ավելի լայն շրջապատում ի հայտ են գալիս որոշակի խնդիրներ։
Դժբախտաբար, մեր հասարակության մեջ ոչ ոք ավելորդ քաշը եւ ճարպակալումը հիվանդություն չի համարում, թեպետ իրականում դրանք հենց այդպսինն են։ Օրինակ, եթե մեկն ունի լյարդի կամ երիկամի խնդիրներ, ապա բոլորը շատ լավ հասկանում են, որ այդ մարդը պետք է ունենա հստակ սննդակարգ եւ սննդային շատ լուրջ սահմանափակումներ։ Բայց երբ ավելորդ քաշ ունեցող մարդիկ փորձում են շտկել իրենց սննդակարգը, ապա դրան արձագանքում են այսպես՝ « դե լավ, մի կտոր կեր»։ Բայց չէ որ պետք է հասկանալ, որ տվյալ մարդը առանց այդ էլ դժվարությամբ է դիմադրում այդ գայթակղությանը։
Օրինակ, եթե մարդ թողնում է ծխելը, իրեն չեն ասում՝ «դե լավ, մի երկու հատ քաշի»։ Շատերը կարծում են, որ պետք չէ համեմատել ծխելուց հրաժարվելը նիհարելու հետ, քանի որ ծխելը թողնելը ավելի բարդ է. այդ դեպքում նիկոտինային կախվածություն կա։ Կհամարձակվեմ չհամաձայնել այս մտքին. երբ փոխում ես քո սննդակարգը, այս դեպքում նույնպես պետք է հաղթահարել որոշակի կախվածություն՝ համային կախվածությունը։ Չէ որ դու ամբողջ կյանքում կերել ես այդ ուտեստները՝ այդ նույն ձեւով պատրաստված, եւ ամենակարեւորը այդ համով, ինչից դու հիմա ստիպված ես հրաժարվել։
Սակայն, պետք է ասեմ, որ այս գործընթացը ինձ ավելի բավականին հեշտ է տրվում, քան ես ի սկզբանե պատկերացնում էի։ Միգուցե դա պայմանավորված է նրանով, որ Da Vinci կլինիակայի դիետոլոգ Հասմիկ Աբովյանի մեթոդը հիմնված է այն բանի վրա, որ մարդը սոված չպիտի մնա։ Գաղափարը շատ պարզ է. եթե դու չես հասցնում սովածանալ, ապա չես հարձակվում ուտելիքի վրա եւ հավելյալ չես ուտում։ Ամենաբարդն այստեղ հստալ ռեժիմին հետեւելն է։ Բայց որոշ ժամանակ անց, ըստ Հասմիկ Աբովյանի, ընտելանում ես այս նոր ռեժիմին, եւ այն դառնում է մշտական սովորություն։
Եվ այսպես, սննդակարգի վրա 15 օր ակտիվ աշխատելուց, ինչպես նաեւ ֆիզիկական վարժություններ կատարելուց հետո, ես կարող եմ փաստել, որ ինձ ավելի հեշտ է կրել իմ մարմինը, ավելի թեթեւությամբ եմ առավոտյան արթնանում, բայց իմ ուզած տաբատի մեջ տեղավորվելը դեռեւս չի ստացվում։
Մի բան էլ. մի համեղ բան ուտելու տենչը ես դեռ չեմ հաղթահարել։ Նրանք, ովքեր թողել են ծխելը, ինձ շատ լավ կհասկանան։ Եթե քո կողքին ոչ ոք չի ծխում, դու չես էլ հիշում ծխելու մասին, բայց հերիք է, որ մեկը սկսի ծխել քո կողքին... Նույնն էլ ինձ մոտ է, երբ տեսնում եմ, որ մարդիկ ուտում են այն, ինչ ես չեմ կարող ուտել...
Անահիտ Սարգսյան